Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին ձերբակալելիս քննիչը ներկայացրել է դատավարական գոյություն չունեցող հիմք՝ կա՛մ անցնելով իր լիազորությունները, կամ՝ արարքը կատարվել է պաշտոնեական անփութության հետևանքով: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց պաշտպան Գոռ Գևորգյանը։

Նրա խոսքով՝ քննիչի ապօրինությունների հետևանքով Դավիթ Մովսիսյանն ապօրինի զրկվել է ազատությունից, ինչը նաև արձանագրել է դատարանը՝ քննիչի գործողությունները ճանաչելով ոչ իրավաչափ: Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի գործողությունների վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ:

Հարցին, թե արդյո՞ք այս ընթացքում Դավիթ Մովսիսյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ, պաշտպանն ասաց, որ որևէ գործողություն իր մասնակցությամբ չի եղել, ավելին՝ արգելված են տեսակցություններն, այդ թվում՝ պաշտպանների հետ:

«ԱՀ Ոստիկանության ՔԿ վարչություն չեն թողնում անգամ պաշտպանները մուտք գործեն՝դրանով իսկ խախտելով պաշտպանության իրավունքը»,- նշեց Գևորգյանը:

Բացի այդ՝ թեև Մովսիսյանի մասնակցությամբ քննչական գործողություններ տեղի չեն ունեցել, փաստաբանը տեղեկացրեց, որ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացվել է մարտի 26-ին, այն դեպքում, երբ կորոնավիրուսով պայմանավորված երկրում արդեն հայտարարվել էր արտակարգ դրություն և ԵԽ՝ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն արդեն հրապարակել էր զեկույց-հանձնարարագիրը, որի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՔԿՀ-ներում գտնվող անձանց խափանման միջոցները պետք է փոխարինվեն այլ՝ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներով:

Պաշտպանի խոսքով՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ երկու միջնորդություն է ներկայացրել դատարան: Առաջին միջնորդությունը ներկայացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը մերժվել է։ Պաշտպանը դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան: Բացի այդ՝ փաստաբանը նաև բողոքարկել է Դավիթ Մովսիսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու ն որոշումը, որի քննությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Հիշեցնենք, որ հունվարի 30֊ին զորամասերից մեկում, հրազենային վիրավորումից մահացել է 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը։ Քննչական կոմիտեն տեղի ունեցածը որակել է որպես ինքնասպանություն ու քրեական գործ հարուցել ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Ըստ ՔԿ-ի ներկայացրած վարկածի՝ զինծառայողն իր ինքնաձիգից կրակել է իր կրծքավանդակին։ Հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին. Նրանք պնդում են, որ սպանությունը ներկայացվում է որպես ինքնասպանություն ու փետրվարի 2-ին սպանված զինվորի դագաղը ձեռքներին շարժվում էին դեպի Երեւան՝ ի նշան բողոքի:

Մահացած զինծառայողի հարազատները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո դադարեցրել են բողոքի գործողությունը: Նույն օրը հայտարարվեց, որ քրեական գործով տեղի են ունեցել ձերբակալություններ:

Նրանց թվում է նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի Շմայսի, որդին Դավիթ Մովսիսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու համար, ինչը դատարանը բավարարել է։ Նշենք, որ մեղադրանք է առաջադրվել նաև Վահրամ Ավագյանի երեք այլ համածառայակիցների, որոնցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ` հրամանատարության հսկողության տակ գտնվելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել