Ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, փիլիսոփա:
Ծնվել է Թիֆլիսում, Հալեպից եկած պանդուխտ Կարապետի կիսաճորտ ընտանիքում: Ըստ ավանդության` նա ընդամենը սովորել է մի վանքում, պատանի հասակում զբաղվել է ջուլհակությամբ, երիտասարդ տարիքում շրջել է երկրից երկիր (հասնելով մինչև Հնդկաստան): Սայաթ-Նովան երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունը, ազնվությունն ու ուշիմությունը: Հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի նվագածու: 1759թ. վերջինիս հարկադրանքով ձեռնադրվել է քահանա` Տեր Ստեփանոս անունով: Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ (65-ը հայերեն, 36-ը վրացերեն, 125-ը ադրբեջաներեն և 5-ը խառը): Ըստ էության նրանով է սկսվում հայ և վրաց իրականության մեջ մայրենի լեզվով խաղը: Նրա հանրահայտ երգերից են` «Աշխարըս` մե փանջարա է...», «Առանց քիզ ի՞նչ կոնիմ», «Քանի վուր ջան իմ», «Դուն էն գլխեն իմաստուն իս»՚ և այլն:
«Սայաթ-Նովան միայն հայ բանաստեղծ չէ, այլև մշտական ներկայություն է ինչպես ադրբեջանական, այնպես էլ վրացական գրականության մեջ: Նա յուրատեսակ մի ավազան է, որի մեջ մկրտվեց ժողովուրդ` եթե ոչ հավատով, ապա սիրով»:
«Սայաթ-Նովայի ոչ թե լիրիկան է փիլիսոփայական, այլ նրա փիլիսոփայությունն է լիրիկական»: Պ. Սևակ
«Սայաթ-Նովան մեծ է, որովհետև ավելին է, քան բանաստեղծ ու երգիչ: Նա հայ ժողովրդի հարազատ զավակն է սկզբից մինչև վերջ, իր էության բոլոր մասնիկներով: Նրա երգը մշտապես սնվել է իր ժողովրդի անսպառ աղբյուրից և ստացել կենդանի գույն ու երանգ, ուստի և հավիտենական կյանք: Սայաթ-Նովայի երգը հարազատ հողի ուժն ու բուրմունքն ունի և դա է նրա մեծության ու անմահության գաղտնիքը: Երգելով մի քանի լեզվով` Սայաթ-Նովան հայ էր մնում»: Մ. Սարյան
Սայաթ-Նովայի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1963թ. հոկտեմբերի 27-ին մեծ երգչի անունը կրող երաժշտական դպրոցի մոտ: Արարողությանը ներկա էին հանրապետության և Երևան քաղաքի ղեկավար անձինք, Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևան ժամանած հյուրեր:
Բացման ներածական խոսք ասաց Երևանի քաղաքային խորհրդի գործկոմի նախագահ Գ. Հասրաթյանը: Ապա Խորհրդային Միության և Հայաստանի պետական օրհներգերի ներքո իջեցվեց հուշարձանը ծածկող սպիտակ վարագույրը։
Խոսք ասացին նաև Հ. Հովհաննիսյանը (բանաստեղծ, ՀԳՄ վարչության նախագահ), Վ. Գյուլիկյանը («Կոմունշին» տրեստի շինարար), Բ. Ժղենտին (վրաց անվանի գրականագետ), Համիդ Արասլին (Ադրբեջանի ԳԱ թղթակից անդամ), Ռ. Պարսամյանը (Հայաստանի կերպարվեստագետների միության նախագահ), Ա. Դոլուխանյանը (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի):
Հանրահավաքի ավարտից հետո բացվեց նաև Սայաթ-Նովայի անունը կրող նորակառույց պողոտան, որի եզրագծող ժապավենը կտրեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յա. Զարոբյանը:
Հուշարձանի նյութը սպիտակ մարմար է, բարձրությունը 3 մ, քանդակագործ` Արա Հարությունյան (տես` «Մայր Հայաստան» հուշարձանը), ճարտարապետ` Էդուարդ Սրապյան։
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/07/blog-post_3754.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




