Azatutyun.am-ը գրում է․

Շատ կարևոր է, որ ունենանք երկարատև ժամանակագրությամբ ավելի շատ դուրս գրում, քան նոր դեպքեր, 2 շաբաթ, 1 ամիս տևողությամբ, այդ դեպքում նոր կարող ենք խոսել բռնկման մարման մասին, և եթե այդպես չլինի, նոր հակառակի մասին, այս մասին այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե ռետրոսպեկտիվ հետ ենք նայում, այսինքն` քանի օր առաջ ենք ունեցել մեծ թվով հաստատված դեպքեր, ապա կտեսնենք, որ աստիճանաբար առողջացածների թիվը պետք է մեծանա, քանի որ եղել են օրեր, երբ մենք ունեինք միանգամից 50, մինչև 95 նոր հաստատված դեպքեր, և այդպես էլ պետք է լինի առողջացածներինը, իհարկե ոչ ուղիղ կապով, որովհետև հաճախ ականատես ենք լինում 14-րդ օրը, երբ կրկին քաղաքացիների մոտ հաստատվում է` նորից դրական, վիրուսի առկայությունը»,- նշեց նախարարը:

Նա նշեց, որ քանի որ ասվում է նաև, որ վիրուսը բավական երկար է մնում մարդու օրգանիզմում, և միայն դրա բացակայության վստահ լինելու դեպքում են դուրս գրում քաղաքացիներին:

Օգտատերերից մեկի հարցին` հնարավո՞ր է բուժված, դուրս գրված հիվանդների մոտ կրկնվի վիրուսը, նախարարը արձագանքեց.- «Այս կարճ ժամանակահատվածում վարակի 4-րդ ամսում ենք, եղել են դեպքեր (ընդհանուր առմամբ), երբ դուրս գրված քաղաքացիների մոտ կրկին հաստատվել է վիրուսի առկայությունը, սակայն դրանք շատ էպիզոդիկ են, և կասկած կա, թե արդյոք իրոք դուրս գրման պահին ճիշտ է կատարվել հետազոտությունը, թե ինչ-որ ժամանակ հետո տեղի է ունեցել կրկնավարակ: Այդ հարցի պատասխանը դեռ չկա, քաղաքացիները դուրս են գրվում, միայն եթե 2 օր անընդմեջ նրանց թեստերի պատասխանները բացասական արդյունք են ցույց տալիս»:

Մեկ այլ հարցին, թե արդյոք հետևանքներ մնում են վիրուսից ապաքինվելուց հետո, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այս, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված մի շարք հարցեր դեռևս ուսումնասիրման փուլում են, սակայն այս ժամանակահատված հայկական փորձը թույլ է տալիս ասել, որ քաղաքացիները դուրս են գրվել առանց որևէ լուրջ առողջական խնդրի, «պրակտիկ առողջ»:

Ինչ վերաբերում է ախտանիշներ չունենալու, սեփական հանգստության համար թեստավորվելու հնարավորությանը, ապա Արսեն Թորոսյանը շեշտեց, որ այս պահին դա հնարավոր չէ, հավելեց.- «Այս պահին ոչ, որովհեև ամեն դեպքում թեստավորոմն արվում է ըստ ցուցումների, և դա պատահական չէ, այն երկարատև ու բարդ րոցես է, որը պետք է արվի ըստ ցուցումների, բայց ունենք նախնական տեղեկատվություն, որ որոշ լաբորատորիաներ հնարավոր է սկսեն վճարովի անել այս հետազոտությունը, խոսքը Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին է, ոչ թե արագ թեստերի, երբ որ օրգանիզմի հյուսվածքներում հայտնաբերում ենք վիրուսի ՌՆԹ-ն, հնարավոր է, որ այդպիսի վճարովի հետազոտություններ ներդրվեն Հայաստանում, և դրանք արվեն «հոգու հանգստության համար»: Չնայած դրա կատարման էֆեկտիվությունն ու օգտակարությունը ևս պետք է հասկանալ, որովհետև այդ պարագայում հետազոտությունը պետք է անել գրեթե ամեն օր, որ դու ամեն օր վստահ լինես, որ 3 կամ 5 օր առաջ չես վարակվել»:

Օրեր առաջ իր ասուլիսում նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ 1-2 տարի նախկին կյանքին չենք կարող վերադառնալ: Հարցին` ի՞նչ նկատի ուներ` դեռ 2 տարի ձեռնոցներով, դիմակներով, սոցիալական հեռավորությունը պահելով պե՞տք է ապրենք, նա պարզաբանեց.- «Հավանաբար այո, որովհետև նույնիսկ եթե մենք հիմա մեր կատարած միջոցառումների շնորհիվ ունենանք հիվանդության տարածման անկում, ինչին ձգտում է ամբողջ աշխարհը, ոչ մի երաշխիք չկա, որ աշնանը չի լինի կրկնակի բռնկում, այսինքն` կա մեծ հավանականություն, որ աշնանը` ցրտերն ընկնելուն պես, տարբեր երկրներում տարբեր սեզոններում կրկին կվերսկսվեն բռնկումները, որովհետև վիրուսի շրջանառությունը նույնիսկ լավ սցենարների դեպքում իսպառ չի վերանա»:

Արսեն Թորոսյանը ավելացրեց` առնվազն մեկ տարի, եթե գիտական փոփոխություններ չլինեն դեղի կամ պատվաստանյութի մասով. կրկին այս մարտահրավերի առաջ կանգնելու հավանականություն կա, ինչը նշանակում է, որ դեռ երկար խստիվ պետք է պահպանել բոլոր սանիտարահիգիենիկ միջոցառումները, սոցիալական հեռավարությունը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել