Factor.am-ը գրում է․

Անցնող-դարձողի պակաս չտեսած Երևանի փողոցները կարանտինի 26-րդ օրը դիմավորում են գրեթե դատարկ։ Փոխարենը մարդաշատ է, կորոնավիրուսի տարածման իմաստով՝ ռիսկային, սուպերմարկետների, մրգերի ու բանջարեղենի կրպակների շրջակայքը։ Տեղաշարժման թերթիկի ու անձնագրի՝ ոստիկանական պարտադիր պահանջին ոչ բոլորն են պատրաստ։ Քաղաքացիներն անկեղծանում են՝ հեշտ չէ դիմանալը կարանտինին, բայց լավատես են․ «Լավ կլինի, կարևորը բանակում լավ պահում են մեր տղաներին, մնացածը լավ կլինի, մենք կդիմանանք»։

Տանը ինքնամեկուսանալու  բժիշկների հորդորին դժվար է ենթարկվելը, մանավանդ, երբ դրսում արև է։  Փողոցում հանդիպեցինք միայնակ ապրող 80-ամյա մի կնողջ, որն ինքն է իր դեղերն ու սնունդը գնում։

– Դուք ռիսկային խմբում եք գտնվում, հիմա բժիշկները դիտողություն կանեն, կասեն՝ ինչո՞ւ եք առանց դիմակ դուրս եկել մարդաշատ վայր։

– Դե ես շատ չեմ նստում, էսա մի քիչ էս արևին նստում եմ, ու գնամ։ Ես գրած եմ, որ կներեք ինձ շատ, որ դուրս եմ գալիս, բայց հնարավոր էլ չի, որ դուրս չգամ։

– Ձեզ հե՞շտ էր փաստաթղթերը լրացնելը։

– Ես լրացրել եմ, մի քիչ տեսողությունս լավ չի, բայց որոշ բաներ գրել եմ։ Արևկող չի տունը, մի սենյակ ա, դրա համար դուրս եմ գալիս։ Կորոնավիրուսը արևից, տաքից վախենում ա, էսա տաքերը կընկնեն, կվերանա, ժողովրդի վիճակը կլավանա»։

Եթե ինքնամեկուսացումից փախած ու մայրաքաղաքի բանուկ հատվածներում հայտնված մարդիկ հիմնականում պատրաստ են ոստիկանների հարցերին պատասխանել, փոքր-ինչ այլ է դրությունը ծայրամասերում։

Հայկ Հովսեփյան – Մանանդյան փողոցներով պարփակված այգում նարդու թեժ մրցավեճ է՝ «կորոնավիրուսն ում շունն է» կարգախոսով։ Տեսախցիկի մոտենալուն պես շարքերը նոսրանում են։ Տեղյակ են համաճարակաբանների հորդորին՝ խմբերով չհավաքվել, բայց արևն ու կանաչ այգին կանչում են։

Մինչ դիմակավոր միակ տղամարդը կավարտեր խոսքը, նարդու պարտիան դեռ շարունակվում է․

– Բարև ձեզ։

– Բարև ձեզ։

– Ինչպե՞ս եք։

–  Շան օրի։

– Ո՞վ է հաղթում։

– Քից դե, իքիբիր եմ քցել։ Տո գրողին չես քցել։

– Վտանգավոր չի՞ խմբերով հավաքվելը, բժիշկներն ասում են՝ մի հավաքվեք խմբերով։

– Դե գնա բժշկին ասա։

– Ինչո՞ւ, դուք եք հավաքվել։

– Ուր ա էստեղ խումբ, մեկ, երկու, երեք, ես էլ էս մարդու մոտ, էս խումբ է, լավ։ Տար հեռու կջարդեմ, ջղայնացա արդեն, երկու հոգով նստած զբաղվում ենք։ Տո ի՞նչ կոռինա, կոռինայից հարուստներն են մեռնում, 40 հազարով ո՞նց ապրեմ, դե 5000 տուր, երթանք մի շիշ արաղ բերենք… բա իհարկե, արաղ պիտի խմես վիրուս չընկնես»։

Մեկ ուրիշը միջամտեց․ «Ապեր, գալիս ենք ստեղ պարապելու համար, համ ծխում ենք, համ խմում ենք, համ պարապում ենք, առողջ մեծանում ենք, ոչ մի բանից էլ չենք վախում։ Արի տես սարքերի վրա ինչեր ենք անում, պապիրոսն էլ բերանս»։

Այստեղ պարզվեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր մեթոդներ են հայտնվել՝ տիպիկ հայաստանյան․ «Առավոտները ձեռներդ լվում ես, 100 խմում ես, իրիկունն էլ 100 խմում ես, ձեռներդ լվում պառկում քնում ես, ու պարապում ես հետը։ Օրը երկու պաչկա էլ ծխում ես»։

Նարդու մրցաշարը շարունակվեց։ Իսկ հարևանությամբ խնամվում է այգին, մաքրվում աղբից։

Հերթեր են բանկերի առաջ՝ խոսք չկա սոցիալական հեռավորության մասին։ Մայրաքաղաքում գործող խանութների մեծ մասը կարանտինի 26-րդ օր է մտել փակ դներով։ Հետո կհաշվեն տնտեսական վնասները։ Իսկ կանգառներում չես տեսնի հանրային տրանսպորտ, բաղձալի կանչին սպասում են տաքսի վարողները․ «Ով աշխատում ա, իրանք օգտվում են, կանգնում ենք էնքան, որ զանգ լինի, որ ասեմ տենց աշխուժություն կա, չէ»։

Արդեն 40 օր է՝ գարուն է, որ անցնում է տներում փակված մարդկանց չտեսած։ Փթթուն այս ծառերն ու ծաղիկները չկային, երբ կորոնավիրուսը շարժից ազատեց փողոցները, այգիներն ու մայթերը։ Դատարկված Սարյանի այգում այսօր տեր ու տիրական են աղավնիները, ու նաև՝ շները։ Այստեղ սեր խոստովանում են ոչ թե զույգերը՝ իրար, այլ՝ կորոնավիրուսի հայրենիք, բայց բարեկամ Չինաստանին։ Մի քանի քայլ այն կողմ էլ հիշեցում է քաղաքական կասեցված գործընթացի մասին՝ Մոսկովյան 31-ում «Այո»-ի փակված շտաբն է, լուսամուտների պաստառները մտքիդ են բերում ապրիլի 5-ի չկայացած հանրաքվեն:

Մեծերը՝ տան, իսկ երեխաները անվաչմուշկ, ու հեծանիվ քշելու։ Փոքրիկ պտույտ՝ Կենտրոնի փողոցներում, ու այստեղ էլ՝ ծաղկած ծաղիկներ, մի տեղ՝ ծարավ, մեկ այլ տեղ՝ կուշտ, հանգստացող շներ, ու սեր առ՝ Իտալիա, երկիր, որ կորոնավիրուսից ամենաշատ տուժածներից է։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել