Pastinfo.am-ը գրում է․

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի, որ բռնության կոչերն ու դրանց քարոզը քրեականացնելու կառավարության նախաձեռնությունը կարող է կիրառվել ըստ նպատակահարմարության ու սահմանափակել խոսքի ազատությունը:

Նրա դիտարկմամբ, խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և որոշ դեպքերում կարող է սահմանափակվել, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ իշխանությունները հաճախ խոսքի ազատության բացարձակ իրավունք չլինելը կիրառում են իրենց հայեցողությամբ:

«Այս իշխանության դեպքում էլ իշխանության տարբեր սեգմենտների կողմից տեսնում ենք խիստ անհանդուրժողականություն մամուլի հանդեպ, ես լեգիտիմ մտավախություն ունեմ, որ սա կարող է կիրառվել ընտրովի այն լրատվամիջոցների հանդեպ, ովքեր իշխանությանը հաճո չեն»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ԶԼՄ-ների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները կոչ են արել կառավարությանը ուշադիր հետևել այս սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական հանրույթի տեսակետին:

«Եթե հիմա այս կոչերին չհետևեն հետագայում չեմ բացառում, որ միջազգային կառույցներում ՝ Վենետիկի հանձնաժողովում, ԵԱՀԿ-ի մամուլի հանձնակատարի կողմից, կունենանք ոչ միանշանակ արձագանքներ այսօրինակ սահմանափակումների վերաբերյալ: Ես ինքս այն քաղաքական գործիչն եմ, որն ամեն օր ատելության, բռնության կոչի թիրախում է: Իրական օգտատերերը կոչ են արել վառել ինձ, էլ չեմ խոսում սեռապաթոլոգիկ հայհոյանքների մասին, բայց ամեն դեպքում ես վեր եմ կանգնում այդ ամենից ու գտնում եմ, որ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն բացառիկ դեպքերում և ձևակերպումներն այնքան հստակ պետք է լինեն, որ որևէ մեկի համար որևէ սողանք չլինի»,-ընդգծեց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ կառավարության առաջարկած նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում բռնության կոչերի համար եւ պետաիրավական հանձնաժողովը երեկ երկրորդ ընթերցման համար եւս տվեց դրական եզրակացություն, սակայն քննարկումներին չէին մասնակցում ընդդիմադիր պատգամավորները։

Ա.Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ արձանագրել է, որ օրենքի դրույթները լղոզված են ու հստակ չեն: Զոհրաբյանը խնդրահարույց համարեց նաև հարցը, թե ինչպես է հնարավոր լինելու գտնել բռնության կոչ քարոզող «ֆեյք» օգտատերերին:

«Իմ դեմ արշավների ժամանակ բազմիցս դիմել եմ իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել, սակայն իրավապահ համակարգից հայտնել են, որ գործը կարճվում է, քանի որ ֆեյսբուքը չի տալիս ոչ միայն կեղծ, այլև իրական օգտատերերի գտնվելու վայրը»,-ասաց պատգամավորը: Բացի այդ պարզ չէ նաև, թե որ մարմինն է պարզելու տվյալ խոսքում բռնության կոչ կա՞, թե՞ ոչ , ուստի այս առումով նույնպես նախագիծը բավականին մեծ ռիսկեր է պարունակում:

«Եթե ոստիկանությունն է դա անելու, ապա ես չգիտեմ արդյոք «նուրբ» հոգեբաններ ունենք, որ կարող են հոգեբանական վերլուծություն իրականացնել ու պարզել բռնությո՞ւն է կոչը, թե՞ ոչ: Ես դեմ չեմ բռնության կոչ քարոզողներին պատասխանատվության ենթարկելուն, բայց պետք է հստակեցնել չափորոշիչներն ու որևէ կառույցի իրավասություն չտալ օրինակ ինձ քրեական պատասխանատվության ենթադրել, եթե ես ասում եմ, որ այս պաշտոնյան վատ է աշխատում ու նրա գլուխը դատարկ է, իսկ այդպիսի դատարկագլուխներ բազմաթիվ են և՛ նախկին, և՛ ներկա, և չեմ բացառում, որ նաև ապագա իշխանությունների մեջ»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետի կողմից «պատերին ծեփել» կամ «թաթիկները կտրել» արտահայտությունները նույնպես բռնության քարոզ չեն, և արդյոք դրա դեմ պայքարի օրինակ չպետք է ծառայեն՝ հենց բարձր իշխանության ներկայացուցիչները՝ իրենց հրապարակային խոսքում բացառելով բռնության ու ատելության քարոզը՝ Զոհրաբյանն ասաց, որ վարչապետը դեռևս ունի վստահության այպիսի ռեսուրս, որով կարող է կասեցնել սոցիալական մեդիայում ատելության ու «ֆեյք» ինդուստրիաների հաղթարշավը:

«Ռեսուրսներ են դրվում ՊՈԱԿ-ների վրա, ովքեր ուղղակի վարկաբեկման մեխանիզմ են միացնում բոլոր այն գործիչների հանդեպ , ովքեր հանդգնում են իշխանությանն ասել, որ աչքի վերևը ունք կա, սա կործանարար ճանապարհ է, սրա հետևանքները շատ վատ են լինելու: «Ֆեյք» ինդուստրիայի կոորդինատորները, որոնց անունները հատ-հատ գիտենք, թող այդքան պաշտպանված չզգան իրենց, նախկիններն էլ էին մտածում, որ իրենք անպատժելի են՝ տեսանք, ինչ եղավ: Գալու է ժամանակը և նրանք բոլորը կանգնելու են իրավապահ համակարգի առաջ՝ պետական միջոցները մսխելով ընդդիմադիր գործիչներին վարկաբեկելու, սևացնելու, անպարկեշտ, անբարոյական, անմակարդակ վիդեոսյուժեներ սարքելու և իրենց մեդիառեսուրսներով դրանք տարածելու համար: Ես ինքս այն մարդն եմ լինելու, ով իրավական պրոցեսներ է սկսելու նրանց բոլորի դեմ: Այս պահին դա հնարավոր չէ, քանի որ նրանք իշխանություն են, բայց գալու է ժամանակ և բոլոր նրանք, ում անունները գիտենք հատ-հատ, մեկ-մեկ պատասխանատվության են ենթարկվելու»-շեշտեց ԲՀԿ պատգամավորը:

Նա պատմեց, որ վերջին շրջանում հետաքրքիր տենդենց է նկատվում՝ «ֆեյք» ինդուստրիայի տարբեր ներկայացուցիչներ հետագայում իրենց ապահովագրելու համար ընդդիմադիրներին, առատ տեղեկատվություն են տրամադրում, թե իրենց հրահանգը որտեղից է գալիս, տեքստը ով է գրում, լալահառաչ ձայնով տեքստերն ով է կարդում, ինչ ձևերով են դրանք տարածում, և, իհարկե, այդ ինֆորմացիան հայտնում են պայմանով, որ իրենց անունը չբացահայտվի:

«Այդ ամենը մեր ձեռքի տակ կա և պատեհ պահի դա դառնալու է լուրջ իրավական գործընթացի առիթ: Անպատժելի չէ որևէ մեկը, անպատժելի չմնացին իրենց անպարտ ու անպատժելի համարող նախկին իշխանությունները։ Այս իշխանության այն ներկայացուցիչներն ու նրանց գործիքները, ովքեր վարկաբեկում են ընդդիմությանը, քաղաքական գործիչներին ևս անպատիժ չեմ մնալու: Ես որպես պատգամավոր անելու եմ առավելագույնը որպեսզի նրանցից յուրաքանչյուրը անձի արժանապատվությունը վիրավորելու, մեր ընտանիքները մտնելու, ամենախայտառակ ապատեղեկատվությունը տարածելու համար ենթարկվեն պատասխանատվության: Ես դա խոստանում եմ ինքս ինձ ու մեր հանրությանը»,-ասաց Զոհրաբյանն ու հանուն արդարության նշեց, որ միայն իշխանությունները չեն, որ «ֆեյքային բանակներ» ունեն, քաղաքական այլ ուժեր էլ կան, որ նման «պատերազմների մեջ են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել