Factor.am-ը գրում է․

Factor.am-ի հարցազրույցը տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ

-Պարոն Ավետիսյան, կառավարության կողմից նախաձեռնված սոցիալական աջակցության ծրագրերն ինչպե՞ս եք գնահատում։ Դրանք կծառայե՞ն իրենց նպատակին։

-Հիմա աննախադեպ իրավիճակ է, իհարկե։ Եվ պետք է իրավիճակին համարժեք քայլեր լինեին։ Բայց այն քայլերը, որոնք արվում են՝ արագ մտածված լուծումներ են և իրավիճակին համարժեք չեն։

-Աշխատանքը կորցրած ծնողների անչափահաս երեխաներից յուրաքանչյուրին 26.500-ական դրամի տրամադրումը և սոցիալական աջակցության մյուս ծրագրերը կարո՞ղ են խնդիրները լուծել։

-Այդ ու այլ դեպքերում միանվագ աջակցություն է տրվում։ Բայց չէ՞ որ 1 դեպք չէ, հիմա ընդհանուր խնդիր է առկա, որը պարզ չէ, թե երբ կավարտվի։ Կառավարության բարձրաստիճաններն էլ են ասում, որ կանխատեսում չունեն հետագայի համար։ Անհրաժեշտ է, որպեսզի աջակցությունը լինի իրավիճակին համարժեք։ Այս քայլերն արվում են, որպեսզի, ըստ էության, սովը հաղթահարվի։ Իսկ սովը հաղթահարելուն ուղղված ծախսերը միանվագ չպետք է լինեն։ Բայց այս դեպքում, փաստորեն, պետությունն իր վրա մինիմալ պարտավորություն վերցնելու ճանապարհով է գնում։ Այդ 26.500 դրամը կրկնակի քիչ է նվազագույն սպառողական զամբյուղից։ Եթե վերցնենք, որ սա տրվում է չորս հոգանոց ընտանիքի, որտեղ երկու անչափահաս երեխա կա, ծնողները կորցրել են կայուն եկամուտը, և 53.000 դրամ են ստանում, դա այդ ընտանիքի մինիմալ հացի փողն էլ չէ։ Այսինքն, դրանով չենք լուծում այդ մարդկանց խնդիրը։ Սոցիալական մի քանի խմբեր էլ կան, որոնք աջակցության որևէ խմբի մեջ չեն մտնում։ Եվ ընդունելի չէ կառավարության այն մոտեցումը, որ փորձում է քչով շատերին աջակցել։ Կարծես թե 3 մլն դրամ է ծախսվել աջակցության համար, դե եթե այդպես է՝ այդ 3 միլիոնը 1000 դրամներով բաժանեիք 3 մլն բնակչությանը։ Իսկ հիմա նպատակադրումը ո՞րն է՝ ցույց տալ, թե պետությունը որքան լավ է աշխատում, որքան պուպուշ քայլեր է անում, թե՞ իրականում խնդիր լուծել։ Մի կողմից քաղաքացուն ասում ենք՝ տնից դուրս մի արի, անօրինական մի աշխատի, մյուս կողմից ասում ենք՝ ոչինչ, թող երեխադ սոված անկողին մտնի։

-Այսօր կառավարությունը հաստատեց աջակցության 10-րդ ծրագիրը, որով նախատեսվում է միանվագ դրամաշնորհի տրամադրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Սա և տնտեսվարողներին ուղղված մյուս ծրագրերը կթեթևացնե՞ն նրանց բեռը։

-Այս ծրագրերն իրականում զարգացման հետ կապ չունեն։ Կարծում եմ՝ սա խայծ է և տնտեսվարողներից շատերը չեն օգտվի այս ծրագրերից։ Սրանցով ստացվում է, որ իրենք պարտք են վերցնում։ Այսինքն, պետությունը տնտեսվարողներին ասում է՝ հարկերը վճարիր, հարկադիր պարապուրդի մեջ գտնվողների աշխատավարձերը տուր ու ոչ մի եկամուտ մի ստացիր։ Եվ տնտեսական իմաստով այս ծրագրերն անօգուտ ծախսեր են լինելու։ Այն տնտեսվարողները, որոնք կօգտվեն այս ծրագրերից, կորոնավիրուսից հետո ավելի վատ վիճակում կհայտնվեն, քան մյուսները։ Սա նույն բանն է, երբ, օրինակ, թոքաբորբով հիվանդին ջերմիջեցնող ես տալիս. նրա ջերմությունը մի փոքր իջնում է, բայց հիվանդությունն ավելի է խորանում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել