Pastinfo.am-ը գրում է․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել Հնդկաստանի քաղաքացուց շորթմամբ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող ԱԱԾ երկու պաշտոնատար անձանց՝ Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին, ինչպես նաև՝ նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Գոռ Մարտիրոսյանին՝ բավարարելով պաշտպանների միջնորդությունը:

Էդիկ Ափոյանի պաշտպան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստին չեն մասնակցել ամբաստանյալները, քանի որ ՔԿՀ-ից հայտնել են, որ դատական նիստին ներկայանալը ռիսկային է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Դատական նիստին չէին ներկայացել նաև գործով տուժող Սանդիփ Կաուշիկը և նրա ներկայացուցիչը՝ նույն պատճառով: Սարդարյանի խոսքով՝ դատարանին խնդրել են կրկին քննարկման առարկա դարձնել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի, կիրառումը՝ հաշվի առնելով հիմնարար ազատության իրավունքը և կորոնավիրուսի համավարակը:

Դատարանը բավարարել է գրավի միջնորդությունները՝ Էդիկ Ափոյանը և Գևորգ Գաբրիելյանի համար որպես գրավի չափ է սահմանվել 5 մլն դրամը, դրամ գրավի դիմաց, իսկ Գոռ Մարտիրոսյանը՝ 2 մլն դրամի դիմաց:

Նշենք, որ Գոռ Մարտիրոսյանի պաշտպանը ներկա չի եղել դատական նիստին, ուստի նրան գրավի դիմաց ազատ արձակելու հարցը բարձրացրել են մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Արսեն Սարդարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պաշտպանի բացակայության պարագայում դատարանը պետք է սեփական նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնի Գոռ Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցը, քանի որ նրա մեղադրանքը համեմատաբար ավելի թեթև է և նա մեղադրվում է օժանդակելու մեջ: «Արդարադատության շահերից չի բխի, որ զուտ պաշտպանի բացակայության պայմաններում ենթադրյալ օժանդակողի նկատմամբ նույն որոշումը չկայացվի և ստացվի իրավիճակ, որ երկու պաշտոնատար անձինք փաստացի հայտնվեցին ազատության մեջ, իսկ ենթադրյալ օժանդակողը, ով պաշտոնատար անձ չի հանդիսանում,մնա ՔԿՀ-ում: Վերջիվերջո նրա առողջական վիճակը վտանգված է»,- նշեց պաշտպանը:

Սարդարյանը նաև տեղեկացրեց, որ խափանման միջոցի հարցը վերջին անգամ քննարկման առարկա է դարձել մոտ վեց ամիս առաջ, բացի այդ՝ դատավարության գործընթացը պարբերաբար ձգձգվում է, թեև՝ դատարանը հրավիրում է դատական նիստերը, բայց տուժողի թարգմանական ծառայություններ մատուցելու պատճառով գործընթացը 3-4 անգամ երկարաձգվում է: «Իհարկե մենք հարգում ենք իր իրավունքները, բայց մի հարցի քննարկումը, որ պետք է տևի 1 ժամ, տևում է 3-4 ժամ: Ցանկացած հարցի քննարկում»,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ գործընթացը կարող է տարիներ տևել և դատարանի մեղքն այդտեղ չկա: Նրա փոխանցմամբ՝ այս ընթացքում լսել են միայն տուժող կողմին: «Առավել ևս համաճարակի պայմաններում, երբ ՔԿՀ-ն ամբաստանյալին չի կարողանում բերել:

Նշենք, որ պաշտպան Արսեն Սարդարյանը դեռևս նախորդ տարի միջնորդություն էր ներկայացրել՝ Էդիկ Ափոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին, որը դեռևս քննարկման առարկա չի դարձել: Ափոյանի համար անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն են հայտնել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Կարեն Համբարձումյանը, ինչպես նաև՝ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Վրեժ Արզումանյանը: Արսեն Սարդարյանը նշեց, որ այդ միջնորդության կարիքն, ըստ էության, արդեն չկա, հետևաբար՝ կամ կխնդրեն թողնել առանց քննության, կամ ետ կվերցնեն այն:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանը, տեղյակ լինելով Հնդկաստանի քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա չարտաքսելու դիմաց կաշառք պահանջել՝ այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար: Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով, շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ.-ին այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել