Մարթան բնիկ ամերիկուհի էր: Նա ծնվել է 1937 թ. ամբողջովին առողջ և մինչև 11 տարեկանը եղել է չափազանց կենսուրախ ու զվարճալի երեխա: Սակայն 1948 թ. Մեյսոնների ընտանիքում դժբախտություն տեղի ունեցավ. պոլիոմիելիտից մահացավ Մարթայի ավագ եղբայրը: Որոշ ժամանակ անց նա ևս սկսեց զգալ նույն հիվանդության ախտանշանները:

Հիվանդությունը բառի ամենաուղիղ իմաստով մահճակալին գամեց Մարթային: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում նրա մկաններն ամբողջովին քայքայվեցին, և նա դադարեց ինքնուրույն շնչել կարողանալուց: Այդ պահից ի վեր Մարթային հոսպիտալացրին, և նրա յուրաքանչյուր շնչի համար սկսեց պատասխանատու լիներ արհեստական շնչառությունն ապահովող սարքը, որը կապսուլայի էր նման: Կապսուլայի ներսում մշտապես փոփոխվում էր ճնշումը, ինչն օգնում էր Մարթային շնչել:

Բժիշկներն աղջկա ծնողներին կեղծ հույսեր այլևս չէին տալիս և զգուշացրել էին, որ Մարթան կապսուլայում մի տարուց ավելի չի կարողանա ապրել: Սակայն ամեն ինչ այլ ընթացք ունեցավ: Աղջիկը «մնաց» սարքի մեջ 61 տարի. սարքը նրա համար նոր մարմին էր դարձել:

Շնորհիվ հոգատար ծողների և հավատարիմ ընկերների՝ Մարթան ավարտեց դպրոցն ու անգամ բարձրագույն կրթություն ստացավ երկու համալսարանում՝ ձեռք բերելով լրագրողի մասնագիտություն: Նրան աշխատանքի վերցրին տեղի խմբագրություններից մեկում:

Իսկ ինչպե՞ս էր աղջիկը հոդվածներ գրում: Սկզբում Մարթան նյութը թելադրում էր մորը, որը գրում էր այն և ուղարկում խմբագրություն: Ավելի ուշ աղջկա համակարգչի մեջ ներբեռնեցին ձայնի ճանաչման ծրագիր, և նա սկսեց ինքնուրույն աշխատել:

Հարկ է նշել, որ, չնայած սահմանափակ կյանքին, Մեյսոնը երբեք ոչնչից չի բողոքել: Իհարկե, նա գիտակցել է, որ ամեն ինչ շատ ավելի լավ կարող էր լինել, սակայն միաժամանակ հասկանում էր, որ կարող էր նաև ողջ չլինել: Մարթան սովորել էր ամեն ինչի դրական կողմերը գտնել, և կապսուլային վերաբերվում էր որպես սեփական մարմնի:

Բացի դրանից՝ աղջիկը բավականին շատ ընկերներ ուներ, որոնք նրան ամեն հարցում օգնում էին: Նա անգամ երեկույթներ էր կազմակերպում՝ իրեն լիարժեք մարդ զգալու համար: Մարթան հստակորեն գիտակցում էր, որ հարկավոր է վայելել կյանքն ու գնահատել յուրաքանչյուր պահը:

Մարթա Մեյսոնի՝ կապսուլայում անցկացված կյանքի մասին անգամ գիրք է գրվել: Կապսուլայի մեջ Մարթան ապրել է 61 տարի: Ավելի թույլ կամքի ուժ ունեցոող մարդը կապսուլան որպես վանդակ կհամարեր, սակայն Մարթան այդպես չէր մտածում: Նա ամեն իր շնորհակալություն էր հայտնում իր երկաթե թոքերին՝ իրեն ապրելու հնարավորություն տալու համար:

Մարթա Մեյսոնը մահացել է 2009 թ.` 71 տարեկան հասակում: Նա մեծ կամքի ուժ ուներ և կենսուրախ էր, ինչը պետք է օրինակ ծառայի յուրաքանչյուրիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել