Ուղիղ ու հարթ ճանապարհով քայլելը կամ երթևեկելը ոչ միայն ապահով է ու հաճելի, այլև շահեկան ու կենսականորեն անհրաժեշտ, քանի որ քարքարոտ ճանապարհով ու դարուփոսերով գնալիս կուշանաս ու հետ կընկնես և շատ ավելին կկորցնես, քան կարող էիր ձեռք բերել ճանապարհի վերջում: Այս պարզ տրամաբանությունը խթանում է ոչ միայն ճանապարհաշինության ու ճանապարհների բարեկարգման անվերջ գործընթացն, այլև հիմք տալիս չարաշահումների: Ասֆալտ փռող ու մայթեզրերը սալիկապատող տնտեսվարողն ու չինովնիկն այնքան են մեծամտանում իրենց հանրօգուտ գործով, որ կորցնում են զգոնությունն ու թույլ տալիս մեծ ու փոքր սխալներ, որոնք գումարվելով հասնում են աղաղակող չափերի չարաշահումների, ինչի վրա աչք փակելը ոչ պակաս հանցագործություն է, քան բուն չարաշահումները: Դրանք առաջին հայացքից թվում են անուղղելի, որովհետև իրենցով ձևավորել են յուրատեսակ փակ շրջանակ: Պարզվում է, որ ինչքան ընդլայնվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքները, այնքան մեծանում են չարաշահումները: Եվ ինչքան մեծանում են չարաշահումները, այնքան անորակ են ստացվում ճանապարները: Արդյունքում ստացվում է այնպես, որ ինչքան շատ ճանապարհներ են նորոգում, այնքան շատանում են նորոգման կարիք ունեցող ճանապարհները և դրանց նորոգելու նպատակով հատկացվող բյուջետային միջոցները: Այդպիսով ճանապարհների վերակառուցմամբ զբաղվող ընկերությունն ու չինովնիկը հայտնվում են մեղրի անհատակ կարասի մեջ. ինչքան ուզում ես կեր, այն դարձյալ լցվում է ու չի պակասում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/483366721751660?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել