Emedia.am-ը գրում է.
Օրեր առաջ լրագրող Աննա Բարսեղյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ բժիշկ Արտավազդ Սահակյանը հրաժարվել է ընդունել հիվանդին և վիրահատել, քանի որ հիվանդը եղել է ապահովագրված:
«Այսօր N1 հիվանդանոցի բժիշկ Արտավազդ Սահակյանը հրաժարվել է ընդունել բարեկամիս, քանի որ բարեկամս ապահովագրություն ունի:
Բժիշկն ասելէ, որ իրեն ապահովագրությամբ վճարվող գումարի 10 տոկոսն էլ չի հասնում, դրա համար ինքը չի պատրաստվում իր ժամանակը վատնել ապահովագրված հիվանդի վրա: Տվյալ հիվանդանոցն ապահովագրական ընկերության ցանկում կա, բարեկամս էլ եղել է ապահովագրական ընկերության ուղեգրով: Հիմա հարց. ինձ, որպես հիվանդի, ինչու՞պետք է հետաքրքրի, թե բժշկին գումարի որ տոկոսն է հասնում, ու առհասարակ ինչու՞ պետք է ես՝ շարքային հիվանդս, տեղեկանամ էդ տեսակ խոհանոցային մանրամասներին:
Եվ ի վերջո, հատկապես բժշկության ոլորտը ե՞րբ մեզ մոտ կկարգավորվի էնպես, որ բժիշկներն իրենք առաջին հերթին հասկանան, թե բժշկական ապահովագրությունն ի՞նչ է և ինչպե՞ս է գործում, ու երբ կդադարեն հիվանդին որպես փողի քսակ ընկալել ու կվերաբերվեն մարդու պես»,-գրել էր Աննա Բարսեղյանը: Պարզաբանումներ ստանալու համար զրուցեցինք բժիշկ Արտավազդ Սահակյանի հետ: Հարցին, թե, ո՞րն է եղել նման գրառման պատճառը, բժիշկ Սահակյանն ասաց.
«Այդ ամենը կեղծիք է, որ ես հրաժարվել եմ վիրահատություն անել: Նրանք մի քանի անգամ եկել են ինձ մոտ: Ես ասել եմ, որ գնացեք, բացեք վիրահատության թերթիկ, որպեսզի կատարվի վիրահատությունը: Սակայն նրանք սկսեցին պահանջել էսթետիկական վիրահատություն, գեղագիտական, (պլաստիկ վիրահատություն), որն ապահովագրության մեջ չի մտնում: Ողջ աշխարհում էսթետիկական վիրահատությունը չի ապահովագրվում: Ապահովագրությունն առողջության համար է:
Ես նրանց բացատրեցի, որ ապահովագրությամբ ես չեմ կարող այդ վիրահատությունը կատարել, որովհետև դա կեղծիքէ: Դրանից հետո նրանք գնացին-եկան, գնացին-եկան: Նրանց վարքը հայի վարք չէր, և ես էլ ասացի՝ գնացեք: Բայց եթե վաղն էլ այդ նույն հիվանդը գա և ապահովագրությամբ փորձի վիրահատվել, ոչ որպես գեղագիտական, այլ սովորական քթի վիրահատության համար, ես վաղն էլ նույնը կասեմ և կվիրահատեմ»,-ասաց Արտավազդ Սահակյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ