Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տապալված facebook-յան ասուլիսից հետո գործի անցավ «ծանր հրետանին»։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածով է հանդես եկել և կոչ է արել այս օրհասական պահին բոլոր քաղաքական ուժերին կանգնել գործող իշխանությունների կողքին՝ ներկայացնելով 6 կետից բաղկացած անհրաժեշտ քայլերի ծրագիր։

Պարոն Տեր-Պետրոսյանի առաջարկը շատ ակտուալ է, բայց կիսատ-պռատ, միակողմանի։ Առաջադրված 6 կետերի մեջ ես չտեսա այն կետը, համաձայն որի` գործող իշխանություններն իրենք, բարի կամք դրսևորելով, պետք է ձեռք մեկնեն ընդդիմությանը, վերջ տան հետապնդումներին և նորմալացնեն հարաբերությունները վերջինիս հետ։
Չտեսա մի կետ, որ պարոն Տեր-Պետրոսյանն առաջարկեր իշխանություններին վերջ տալ իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների և կեղծ ու իրական օգտատերերի կողմից Փաշինյանի ընդդիմախոսներին ահաբեկելու, վիրավորելու և զրպարտելու անբարոյական քայլարշավին, որն արդեն շարունակվում է 2 տարի։

Շատ ուրախ եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ է և մեծահոգաբար գրում է այս հոդվածը, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջինս ևս պետք է լիներ բանտում։ 2019 թ․-ի նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցում և 2020 թ․-ի հունվարի 25-ի կապանյան մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինիս ևս մեղադրեց սահմանադրական կարգը տապալելու, ընտրությունները կեղծելու և իշխանության բռնազավթման մեջ՝ հայտարարելով, որ 1991 թ․-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր հանրաքվեները և ընտրությունները կեղծված են։ Իսկ այդ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձինք էլ չարիք են երկրի համար։ Ըստ Փաշինյանի` 1995 թ․-ի ԱԺ ընտրությունները, Սահմանադրական հանրաքվեն և 1996 թ․-ի սեպտեմբերի 22-ի սկանդանային նախագահական ընտրությունները կեղծողը հենց Տեր-Պետրոսյանն է։ Սա ես չեմ ասել։ Այս մտքի հեղինակը հենց Հայաստանի ներկայիս վարչապետն է։

Պարոն Տեր-Պետրոսյանը փորձել է անկեղծ երևալ, որը նրա մոտ չի ստացվել, քանի որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվն այն է, որ բազմաթիվ ՀՀՇ-ՀԱԿ-ականներ բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում Փաշինյանի վարչակարգում, իսկ սուբյեկտիվը՝ առաջին նախագահը չի կարող ներել 2008 թ․-ին տեղի ունեցած իրադարձությունների իր և Փաշինյանի «մեղավորին», որի շուրջ ծավալվող գործընթացներն արդեն 2 տարի է՝ ուղղակի թունավորում են ներքաղաքական մթնոլորտը և խնդիրներ ստեղծում մեզ համար ՌԴ-ի հետ հարաբերություններում։

Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանի "Ребята, давайте жить дружно!" առաջարկն ավելի շատ "Гол в одни ворота" է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել