Pastinfo.am-ը գրում է․

Դատախազական մտածելակերպից չենք կարողանում ձերբազատվել, չենք կարողանում ձևավորել մի այնպիսի պրակտիկա, որտեղ խափանման միջոց կալանավորումն իրականացվի բացառիկ դեպքերում, երբ իսկապես ողջամիտ կասկած կա, որ մեղադրյալը, մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել կամ թաքնվել քննությունից: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը: 

Թեև ԵԽ հանձնարարականի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պետք է փոփոխվեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները, բայց օրերս Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կալանավորել գրավի դիմաց ազատ արձակված և շուրջ 50 օր ազատության մեջ գտնվող մեղադրյալին, այսինքն՝ կատարվել է հակառակ պրոցեսը:

«Սույն թվականի փետրվարի 14-ին իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանավորելու վերաբերյալ, միևնույն ժամանակ բավարարել է մեր միջնորդությունը՝ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ և գրավ է կիրառել: Իմ պաշտպանյալը փետրվարի 14-ից 50 օր գտնվել է ազատության մեջ և դատախազությունը, թեև մարտի 6-ին է ներկայացրել վերաքննիչ բողոքը, բայց մարտի 23-ին ինձ Վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացրել են, որ նշանակվել է դատական նիստ: Հեռախոսով տեղեկացրել եմ, որ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, չեմ ներկայանալու դատական նիստին և խնդրել եմ, որ դատական նիստը հետաձգվի և կայանա իմ և պաշտպանյալիս ներկայությամբ»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ դատական նիստը նշանակվել էր մարտի 31-ին:

Փաստաբանը կրկին կապ է հաստատել դատարանի աշխատակազմի հետ՝ խնդրելով հետաձգել դատական նիստը՝ վկայակոչելով ԲԴԽ որոշումը, որով ԲԴԽ-ն կոչ էր արել դատարաններին հետաձգել դատական նիստերը՝ կորոնավիրուսով պայմանավորված: Նորիկյանը նշեց, որ ապրիլի 1-ին դատարանի աշխատակազմից զանգ է ստացել, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ որոշում է կայացրել գրավի կիրառումը ճանաչել անթույլատրելի: Նշենք, որ դատական նիստին բացակայել է պաշտպանական կողմը:

«Գլխավոր դատախազության հայտարարությունը, ԱՆ նախարարի հայտարարությունը, ԵԽԽՎ հանձնարարականները, ՄԻՊ-ի մտահոգությունները որքանով են կատարվում կամ կիրառվում իրական կյանքում »,- հռետորական հարց հնչեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ: «50 օր մարդը մնացել է ազատության մեջ, որևէ ձևով չի խախտել որևէ նորմ: Հարգելի դատախազություն, եթե այդքան մտահոգված եք ՔԿՀ-ներում կորոնավիրուսի տարածման վտանգով, դուք ինքներդ եք ներկայացրել վերաքննիչ բողոքը, ճիշտ է մարտի 6-ին էիք ներկայացրել, բայց գրություն ուղարկեիք և հետ պահանջեիք մարտի 31-ին: Այսինքն՝ ակնհայտ է չե՞ն գործերի և հայտարարությունների միջև էական տարբերությունները:Հետևաբար՝ այդ հայտարարություններն ինձ համար գրոշի արժեք չունեն, այդ հայտարարություններն ուղղակի ծածկադմփոց են, ինչ-որ տպավորություն ստեղծելուն ուղղված քայլեր են: Այդքան հայտարարություններ եք արել, պատասխանատու ձևով հայտարարեք՝ քանի խափանման միջոց է փոխվել, ՔԿՀ-ներում ինչ վիճակ է, արդյո՞ք վերահսկելի է կալանավորների և դատապարտյալների առողջական վիճակը: Ինչու՞ չի կատարվում Արդարադատության նախարարի հորդորը: ԱՆ նախարարը հայտարարություն է տարածել, որ դիմել է իրավապահ մարմիններին ՝ ձեռնպահ մնալ խափանման միջոց կալանավորման վերաբերյալ որոշումներ կայացնելուց»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ պատրաստվում է դիմել դատախազին, որ վերջինս փոխի խափանման միջոցը, հակառակ դեպքում ստիպված կլինի նոր միջնորդություն ներկայացնի դատարան՝ գրավ կիրառելու վերաբերյալ.«Կար միջնորդությունը, բավարարվել էր միջնորդությունը: Այս պետական միջոցները, որ դուք մսխում եք՝ իմաստը ո՞րն էր»:

Դիտարկմանը, որ Դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ սեփական նախաձեռնությամբ միջնորդություններ են ներկայացվել 20 կալանավորի խափանման միջոցի փոփոխման համար, Նորիկյանը պատասխանեց, որ ներկայացնում է կոնկրետ գործի ոդիսական:

«Հորդորում եմ ՀՀ իրավապահ մարմիններին, դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, ԲԴԽ-ին, դատարաններին՝ ձեռնարկել իրենց իրավասությունից բխող բոլոր գործառույթները՝ ապահովելու համար ՀՀ ՔՕ-ում այլ սկզբունքներից զատ մարդասիրության սկզբունքի գերակայությունը և հնարավորինս ապահովել տվյալ իրավիճակով պայմանավորված առավելապես ծայրահեղ պայմաններում խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ որոշումներ: Մենք սա էլ կհաղթահարենք, բայց ուզում եմ, որ մեր հանրային գիտակցության մեջ ինչ-որ բան փոխվի: Մեր դատարանները,դատախազների մի մասը, քննիչների որոշ մասի պատկերացմամբ և ընկալմամբ՝ կալանքն ընկալվում է որպես պատիժ, այն պայմաններում՝ երբ ընդամենը խափանման միջոց է՝ անձի պատշաճ վարքագիծը վերահսկողության տակ պահելու համար: Եթե բացակայում է այնպիսի մի էական հանգամանք, որը հիմք կտա վարույթն իրականացնող մարմնին՝ հանգելու հետևության, որ անձին ազատության մեջ գտնվելու պայմաններում վտանգի տակ է դրված քրեական վարույթը, խնդիր չկա՝ թող հիմնավորեն, տանեն կալանավորեն: Մարդը 50 օր պատշաճ մնա ազատության մեջ, որևէ ձևով անօրինական ազդեցություն չգործադրի, տրամաբանությունը որն է՞, բերել նորից կալանավորել: Ես չեմ հասկանում՝ ինչ խնդիր է, ում հետ է մրցավազքի մեջ մտել դատախազությունը: Այսպես մենք ոչնչի չենք հասնի: Ի սեր Աստծո՝ դուք ապահովեք վարույթի անաչառությունը, բազմակողմանիությունը, տարեք դատարան, թող օբյեկտիվ դատաքննություն իրականացվի: Եթե մեղավոր ճանաչվի, թող մարդը կրի կատարված հանցանքի համար համապատասխան պատիժը»,- ասաց Նորիկյանը:

Հարցին, թե արդյո՞ք կալանավորների նկատմամբ նման վերաբերմունքը կապված չէ նախկին պաշտոնյաներին կալանքի տակ պահելու ցանկության հետ, Նորիկյանը պատասխանեց, որ կապ չունի, թե ով է կալանավորված և յուրաքանչյուր քրեական գործով պետք է առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվի:

«Եթե առկա է ողջամիտ վտանգ, որ նա ազատության մեջ մնալու պայմաններում կարող է խոչընդոտել քննությանը, անօրինական ազդեցություն գործադրել դատավարության կամ վարույթի իրականացման մասնակիցների վրա, մեր ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, նախադեպային որոշումները շատ հստակ տալիս են այդ պատասխանը»,- ասաց Նորիկյանը:

Ճշգրտող հարցին, թե արդյո՞ք նրանց կալանքի տակ պահելու ցանկության պայմաններում չեն տուժում հազարավոր կալանավորներ, Նորիկյանը պատասխանեց, որ չկան շատ նախկին պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում և, որ չի կարծում, որ մեկ անձով պայմանավորված պետք է երկրի ամբողջ դատաիրավական համակարգը ձախողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել