1in.am-ը գրում է․
Ֆրանսիայում երկու բժիշկ առաջարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը փորձարկել աֆրիկացիների վրա, որի հետևանքով մեղադրվել են ռասիզմի մեջ, գրում է ВВС-ին:
Սկանդալի կենտրոնում են հայտնվել Փարիզի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Ժան-Պոլ Միրան և Առողջապահության և բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար Քամիլ Լոխտը: Ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստատեսությամբ, նրանք առաջարկել են փորձարկումը սկսել աֆրիկյան երկրներում, քանի որ այնտեղ «դիմակներ, դեղամիջոցներ, վերակենդանացման բաժանմունքներ» չկան:
«Սա նման է ՄԻԱՎ-ի հետազոտությանը: Մենք ներգրավում ենք մարմնավաճառներին, քանի որ գիտենք, որ նրանք առավել խոցելի են և հաճախ չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ»,- ասել է Միրան: Նրա առաջարկին սատարել է Լոխտը:
Այս խոսքերը բուռն արձագանք են առաջացրել հասարակության շրջանում: Կոտ դ’Իվուարի հավաքականի և անգլիական «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբան կոչ է արել « աֆրիկացիներին չհամեմատել ծովախոզուկների հետ», իսկ մեկ այլ ֆուտբոլիստ՝ կամերունցի Սամուել Էտո’Օ-ն այդ բժիշկներին անվանել է «մարդասպաններ»:
Առողջապահության ինստիտուտը հայտարարել է, որ բժիշկների խոսքերը սխալ են հասկացվել: Նրանք նշել են, որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են եվրոպական երկրներում և Ավստրալիայում, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք կսկսվեն նաև Աֆրիկայում:
Ապրիլի 3-ի դրությամբ Աֆրիկայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 7.064 հաստատված դեպք, մահացել է 290 մարդ: Միևնույն ժամանակ, փորձագետները մտավախություն ունեն, որ իրական ցուցանիշները կարող են շատ ավելի բարձր լինել: