Tert.am-ը գրում է.

Կորոնավիրոսով պայմանավորված իրավիճակի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը չէր կարող խուսափել կորոնավիրուսի ներխուժումից, բայց երբ պետության առաջին դեմքը քամահրանքով է վերաբերում, խնդիրներն անլուրջ է ընդունում, մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում՝ հայտարարելով,  որ դա վնաս չի և թեթև գրիպի պես բան է, կամ երբ առողջապահության նախարարը հայտարարում է որևէ խնդիր չկա, բոլորը կարող են ազատ լինել, կամ երբ քաղաքական նպատակահարմարությունը ավելի բարձր են դասում, քան քաղաքացիների առողջությունը, ստանում ենք այս պատկերը։

«Առաջին դեպքը փետրվարի 29-ին հայտնաբերեցին և մարտի մեկին ասացին, որ կորոնավիրուս կա, բայց դրանից հետո ոչ թե սկսեցին քայլեր ձեռնարկել և հատուկ միջոցառումներ իրականացնել, այլ մարդկանց խմբերով հավաքեցին՝ այդ թվում վարչական ռեսուրսը օգտագործելով, որպեսզի քարոզ լսեն, այդ թույնի ու ատելության մթնոլորտ տարածող քարոզը՝ կապված հանրաքվեի հետ։  Ես համոզված եմ, որ այդ հավաքների ժամանակ այս բարձիթողի վիճակը գագաթնակետին հասավ»,- ասաց Թևանյանը։

Քաղաքագետի խոսքով, մարդիկ լսեցին իրենց ղեկավարին՝ Փաշինյանին և լուրջ  չվերաբերեցին կորոնավիրուսին, մինչդեռ երբ հարևան Իրանում առաջին դեպքը եղավ, Հայաստանն արդեն արտակարգ վիճակի պիտի անցներ։

«Չեմ ասում պարտադիր արտակարգ դրություն հայտարարվեր, բայց պետք էր արտակարգ ռեժիմ հայտարարեր։ Դա նշանակում է, որ սահմաններում հսկողությունը պետք է փոխվեր, նախապատրաստեին կարանտինային ռեժիմի, նախապատրաստեին հիվանդանոցները համապատասխան քանակի հիվանդներ ընդունելուն, նախապատրաստեին հատուկ միջոցներ՝ դիմակներ, ալկոգել, թոքերի սարքերը, թեստերը և այլն։ Պարզագույն բժշկական սարքից սկսած ամեն ինչ պետք է պատրաստ լիներ։ Իտալիայից թռիչքները պետք էր կանոնակարգել ու ստուգման ենթարկել։ Այսինքն պետությունը պիտի աշխատեր և իշխանությունը գործողություններ իրականացներ։

Ամեն ինչ թողեցին ինքնահոսի։ Պատահական չի, որ Վրաստանը մեզնից 5-6 անգամ քիչ վարակակիր ունի, 2 մահացածություն, իսկ մեր մոտ 7 հոգի արդեն մահացել է․ սրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով, իշխանությունը չի կարող արդարանալ, որ ամբողջ աշխարհում վիրուս է և մենք բացառություն չենք կարող լինել։ Թևանյանը նկատեց՝ Վրաստանը վառ օրինակ է․ և՛ բնակչության թվով է մեզնից առավել, և՛ ավելի բաց սահմաններ ունի բոլոր կողմերից, և՛ տուրիստների թվով 4-5 անգամ գերազանցում է մեզ։

«Ամեն բան խոսում է այն մասին, որ Վրաստանում ավելի շատ պետք է լիներ վարակակիրների թիվը, բայց հակառակն է տեղի ունեցել, ուրեմն մենք գործ ունենք կառավարման որակի հետ։  Ակնհայտ է, որ իշխանությունը  հետագա անելիքների ռազմավարություն չունի։  Օրինակ հիմա ասում են՝ մենք գերադասում ենք մարդու կյանքը տնտեսությունից, բայց ռազմավարությունը ո՞րն է։  Ժամանակը ձգում են, որ ի՞նչ անեն։  Լավ է, որ մարդկանց շփումը պակասել է և արագ չի տարածվի վիրուսը , բայց մյուս կողմից մենք պետք է իրականացնենք թեստավորման աշխատանքներ, օջախային խմբերի բացահայտում  ու կարանտիվորման նպատակային և հստակ իրականացում։  Եթե մենք չենք ունենալու ռազմավարություն, կկորցնենք և՛ մարդուն, և՛ տնտեսությունը»,- ասաց քաղաքագետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել