ԱՄՆ-ում նոր ծայրահեղ ծանր վիճակի էպիկենտրոն՝ Նյու Յորքի Քուինս շրջանից հետո դարձել է Լուիզիանա նահանգը, որտեղ շաբաթներ առաջ փողոցային Մարդի Գրա փառատոնն անցկացրեցին՝ չանսալով երկրի համաճարակաբանների հորդորներին՝ չանել նման բան:

Հիմա հարավային այդ կարևոր նահանգում առողջապահական համակարգն այլևս փլուզվում է: Մահերի քանակությունն այնքան շատ է, որ թաղման ծառայություններն ու քաղաքների բոլոր դիարանները լիքն են: Նահանգը դաշնային իշխանություններից խնդրել է շտապ սառնարանային բեռնատարներ ուղարկել՝ հարյուրավոր զոհերին դրանցում տեղավորելու համար:

Այսօր նախագահը նաև իր համար անսովոր ոճով` հրաժարվելով մշտապես լավատեսական հայտարարություններից` հայտարարեց, որ առաջիկա երկու շաբաթներն ուղղակի հրեշավոր են լինելու: «Հսկայական քանակությամբ մարդիկ են մահանալու»,-հայտարարեց Թրամփը:

Այսօր Դոնալդ Թրամփը նաև, ևս մեկ անգամ հակասելով ինքն իրեն՝ խոսեց ինչ-որ պահի երկիրը բացելու մասին: Մի կողմից Թրամփի՝ մյուս կողմից այսօրվա Ամերիկայում հերոսի պես արժանավորաբար մեծարվող Էնթնի Ֆաուչիի և դեսպան, դոկտոր Դեբորա Բրինքսի միջև այս հողի վրա հասունացող կոնֆլիկտն ավելի ակնհայտ է սկսում դառնալ: Բոլոր լուրջ մասնագետները, այդ թվում և գրեթե բոլոր տնտեսագետները պնդում են, որ դրա արդյունքում անխուսափելիորեն այնպիսի քանակությամբ մահեր կլինեն, որ տնտեսության փլուզումը ոչ միայն կդառնա անխուսափելի՝ ինչպես հիմա է կանխատեսվում, այլ՝ կդառնա գրեթե անվերականգնելի՝ երկարաժամկետ անդառնալի հետևանքներով հանդերձ:

Իր հերթին՝ Էկվադորում, որտեղ մահացածների դիերն այլևս դնում են փողոցներում՝ հիվանդանոցների հարևանությամբ, նախատեսում են «հանգուցյալների ճամբար» ստեղծել, որտեղ ուղղակի՝ առանց թաղման կտեղափոխվեն ժամանակավոր պահման՝ զոհերի դիերը:

Եվ վերջում. եթե դուք դեպրեսիայի մեջ եք ընկնում նման տեղեկություններից և լցվում ատելությամբ դրանք հայտնողների հանդեպ՝ կարող եք չկարդալ: Դուք միակը չեք, որ աշխարհում դեպրեսիա է ապրում, բայց դուք այն միակ ազգի ներկայացուցիչն եք, որն ատում է ճշմարտությունը և պահանջում խաբված լինել, կերակրել իրեն լավ և դրական գույներով, երբ դրանք չկան, երբ շուրջը համաճարակ է, երբ աշխարհն անդառնալիորեն փոխվում է: Եվ եթե այդպիսին եք՝ ապա կարող եք դիտել ուրախ մուլտֆիլմեր, ամերիկյան անհումոր կատակերգություններ և այլն: Բայց մի պահանջեք դա մարդկանցից, որոնց կոչումն ու պարտքւ ճշմարիտ պատկեր տալն է ու այն վերլուծելը և ոչ առանձին անհատների կամ խմբերի հոգեբանական վիճակով զբաղվելը և նրանց խաղրածուի պես ուրախացնելը: Մենք փորձում ենք ներկայացնել ճշմարտությունը, որի համար նորմալ հասարակություններում շնորհակալություն են հայտնում, ոչ թե խաչում: Մեզ շնորհակալություն պետք չէ ամենևին, բայց մենք այլևս չենք հանդուրժելու նաև անուղեղ հարձակումները: Այդպիսի մարդիկ սպառնալիք են ժողովրդի սթափությանը: Այդպիսի մարդիկ են իրենց պահանջած և ստացած կեղծ «իրականությամբ» երկիրը նետել մի վիճակի մեջ, որտեղ բարեհունչ սուտն է գնահատվում, իսկ դրա արդյունքում ոչ մի մարտահրավերի հասարակությունն ըստ էության պատրաստ չէ, չի կարողանում ճիշտ արձագանքել և հայտնվել է ամբոխահաճո ստեր բաշխող խմբակի իշխանության ներքո:

Մնացե՛ք տանը և կարդացեք ու դիտե՛ք միայն որակյալ և հեղինակավոր աղբյուրներ:

Տեղեկատվական աղբը նույնպես սնունդ է, որից նույնպես թունավորվում են: Եվ հաճախ՝ շատ ավելի վատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել