
Hra.am-ը գրում է.
Մինչ ԶԼՄ–ներով և սոցիալական ցանցերում քննարկվում է Ռուսաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքի խնդիրը, մեկ այլ հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգում այլ երկրում, որքանո՞վ է զգում իր պետության՝ ԱԳՆ–ի կամ դեսպանատան աջակցությունը, ո՞վ պետք է պաշտպանի ՀՀ քաղաքացու իրավունքներն այլ պետության տարածքում։
Մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա, որ ՌԴ-ում Հայաստանի հյուպատոսության աշխատակիցները գոնե փորձել են անձամբ հանդիպել Հրաչյա Հարությունյանի հետ՝ չբավարարվելով ռուսաստանցի քննիչների հայտարարությամբ, և փորձել են անձամբ համոզվել, որ Հարությունյանը աջակցության կարիք չունի:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ոչ միայն բողոքի նոտա չի հղել իր քաղաքացու նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի դրսևորման փաստի առթիվ, այլև հրաժարվում է պաշտոնական մեկնաբանություններից։
Միակ մեկնաբանությունը, որ արվել է ԱԳՆ կողմից, տեղադրված է ֆեյսբուքյան էջում և բաղկացած է 4 տողից. «Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»։
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է Պոդոլսկի մերձակայքում (ՌԴ) հուլիսի 13-ին տեղի ունեցած և 18 հոգու մահվան պատճառ դարձած խոշոր ավտովթարի մեջ, դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի տակ է: Հարությունյանը վարել է «Կամազ» մակնիշի բեռնատար, որի արգելակները, ենթադրաբար, շարքից դուրս եկած են եղել և նա չի կարողացել ժամանակին արգելակել մեքենան և ճանապարհային վտանգավոր խաչմերուկի վրա բախվել է ավտոբուսին:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, որը անզգուշությամբ պատճառել է երկու կամ ավելի անձանց մահ (ՌԴ ՔՕ 264 հոդվածի 5-րդ մաս): Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով:
Վթարը մեծ աղմուկ բարձրացրեց հայկական և ռուսական մամուլում նախ այն պատճառով, որ 18 անմեղ մարդկանց կյանք է խլել։
Երկրորդ ամենաքննարկվող խնդիրը խափանման միջոց ընտրելու համար Հարությունյանին հիվանդանոցից դատարան տանելիս նրա հագին եղած կանացի ծաղկավոր խալաթն էր ու նրա շոկային վիճակը։ Նույնիսկ շրջանառվող վարկած կար, որի համաձայն՝ նրան հիվանդանոցում սթափեցնող դեղեր են ներարկել, որպեսզի ի վիճակի լինի դատարան գնալ:
Այն տեսքը և հոգեկան վիճակը, որով Հարությունյանը երևաց էկրաններին, վրդովեցրեց շատ մարդկանց, և որակվեց նվաստացուցիչ վերաբերմունք։ Իսկ մարդկանց մի խումբ էլ ընդգծում էր, որ չպետք է մոռանալ, որ նա «հանցագործ է», 18 մարդու կյանք է խլել և ընտանիքներ է դժբախտացրել։
Խորապես ցավալով անմեղ զոհերի համար՝ նախ ուզում ենք հիշեցնել, որ անձը անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ ուժի մեջ մտած դատարանի վճռով։ Այս դեպքում ոչ միայն Հրաչյա Հարությունյանի մեղքն ապացուցված չէ, այլև գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում, և անաչառ ու օբյեկտիվ քննությունը դեռ պետք է պարզի միջադեպի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորները, բնականաբար, օրենքի սահմաններում պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Ամբաստանյալը, այս դեպքում՝ Հրաչյա Հարությունյանը, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի համար պարտադիր համարվող միջազգային կոնվենցիաների համաձայն՝ ունի արդար դատավարության իրավունք, ինչպես նաև՝ խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունք։
Հրաչյա Հովհաննիսյանի պաշտպան Էրիկ Չաբանովն արդեն մեկնաբանություն է տվել ծաղկավոր խալաթի վերաբերյալ՝ հայտնելով, որ բժիշկները բուժօգնություն ցույց տալիս պատռել են իր պաշտպանյալի հագուստը, իսկ հավելյալ հագուստ չի գտնվել, դրա համար ստիպված են եղել հագցնել այդ խալաթը։
«Նրանք Հարությունյանին վիրավորելու նպատակ չեն ունեցել»,– ասել է փաստաբանը և հավելել, որ բժիշկները հագուստի հարցով չեն դիմել իրեն։
Բայց մի՞թե հիվանդանոցում նրան չէին կարող տրամադրել հիվանդների համար նախատեսված հագուստ կամ բժշկական խալաթ, ինչն ավելի նորմալ կդիտվեր տվյալ դեպքում, քան կանացի վառվռուն ծաղիկներով խալաթը։
Տեսանյութերում ակնհայտ երևում է, թե ինչպես է Հրաչյա Հարությունյանը ամաչում և խուսափում տեսախցիկներից՝ փակելով դեմքը: Արդյո՞ք դա նվաստացուցիչ վերաբերմունք չէ։
Լավ, համարենք, թե հիվանդանոցում առանձնապես չեն մտածել ամբաստանյալին պատշաճ տեսքով դատարան ներկայացնելու մասին, ուղեկցող ոստիկանների համար նույնպես միևնույն է եղել, իսկ ո՞ւր էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, երբ իր քաղաքացու հետ նման կերպ էին վարվում: Մի՞թե չէր կարող դժվար իրավիճակում հայտնված իր քաղաքացու կողքին լինել և նրա նվազագույն կարիքները հոգալ։ Չէ՞ որ դեսպանատները ստեղծված են նաև նրա համար, որպեսզի օտար երկրում պաշտպանեն իրենց պետության քաղաքացիների շահերն ու իրավունքները:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանի հոգեկան և առողջական վիճակին։ Անկախ նրանից, թե շրջանառվող լուրերից որն է ճիշտ, որը՝ ոչ, ակնհայտ երևում էր, որ նա ծանր շոկային վիճակում է, և ուղղակի անթույլատրելի էր նրան այդ վիճակում դատարան տանելը։ Արդյո՞ք կալանք կիրառելու համար մարդու այդ վիճակում դատարան «քարշ տալը» դաժան վերաբերմունք չէ։ Ինչի՞ համար էր այդ շտապողականությունը։
Հատկանշական է, որ քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը հիմնավորել է հետևյալ կերպ. «Արարքի հասարակության համար վտանգավորությունը, նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը օտարերկրացի է, մշտական բնակության վայր չունի, հետևաբար կարող է թաքնվել նախաքննությունից, ճնշում գործադրել վկաների և տուժողների վրա»:
Այս առիթով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բաց նամակ է հղել ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինին՝ հիշեցնելով, որ «մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից և ոչինչ չի կարող այն նսեմացնելու հիմք հանդիսանալ: ՌԴ Սահմանադրության 21-րդ հոդվածը երաշխավորում է, որ արժանապատվության իրավունքը յուրաքանչյուրի իրավունքն է, որը ոչնչով սահմանափակված չէ»:
Նման դեպքերում շատ կարևոր է հասարակական հնչեղությունը, քանի որ եթե չլիներ այսքան մեծ արձագանք, չգիտենք՝ ՌԴ-ում ինչպե՞ս կվարվեին Հրաչյա Հարությունյանի հետ և հայկական կողմը ինչպե՞ս կարձագանքեր կատարվածին, կամ արդյո՞ք կարձագանքեր...
Ուզում ենք կրկնել և շեշտել, որ նախաքննությունը պետք է պարզի դեպքի բոլոր հանգամանքները և եթե Հրաչյա Հարությունյանը մեղավոր է, պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, սա չէ խնդիրը։
Խնդիրն այն է, որ Ռուսաստանում և այլ պետություններում կան բազմաթիվ հայեր, ՀՀ քաղաքացիներ, ում իրավունքները ոտնահարվում են, և նրանք պաշտպանության կարիք ունեն։ Ինչո՞ւ ԱԳՆ-ն չի բարձրաձայնում այդ մասին, ինչո՞ւ չի նկատում, թե մեր հայրենակիցների հետ ինչպես են վարվում...
Թերևս, այս դեպքը պետք է բոլորիս մտածելու առիթ տա, թե ինչքանո՞վ ենք մենք պաշտպանված այլ երկրում և ինչքանո՞վ ենք զգում մեր երկրի՝ ԱԳՆ-ի և դեսպանատան աջակցությունը։
Բայց եթե խնդրին նայենք մեկ այլ կողմից, մի՞թե իր քաղաքացիների հետ նույն կերպ չի վարվում նաև Հայաստանը՝ իր իսկ պետության տարածքում։ Եվ ոչ ոք չի իմանում նման դեպքերի մասին, որ ոք հանդես չի գալիս Հայաստանի ոստիկանության բաժիններում և դատարաններում անմարդկային վերաբերմունքի ենթարկվող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ։ Թե՞ մենք կարող ենք մեր քաղաքացիների հետ անմարդկային վարվել, իսկ օտար պետությունը՝ ոչ...
Հ.Գ. ՀՀ քաղաքացիների անձնագրի վերջին էջում գրված է՝ «Անձնագիրը կրողի հովանավորն է Հայաստանի հանրապետությունը» կամ “The holder of this passport is under the protection of the Republic of Armenia”: Մնում է հասկանալ, թե արժի՞ հույս դնել Հայաստանի հանրապետության վրա, երբ քո իրավունքները խախտվում են։ Եվ արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ի վիճակի են և ցանկություն ունեն կատարելու Սահմանադրության 11.3 հոդվածով իրենց վրա դրված պարտականությունը, այն է՝ «Հայաստանի հանրապետության քաղաքացիները Հայաստանի հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի հանրապետության պաշտպանության ներքո»։