Երեկ հրապարակված կառավարության 461-Ն որոշումը (հղումն այստեղ), որը «օրենք-1984»-ի ընձեռած հնարավորությունների շրջանակում նախատեսում է «կոնտակտավորների» նկատմամբ վերահսկողություն հաստատելու մեխանիզմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Հարցերի փոքր մասը՝ ստորև.

1) «461»-ի ռեժիմն ի վերջո անձի ֆիզիկական ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն ենթադրո՞ւմ է, թե՞ միայն տեղաշարժման ազատության։ Կառավարությունը միտումնավոր օգտագործում է այնպիսի ձևակերպումներ, որոնք թվացյալ վերաբերվեն միայն «ազատ տեղաշարժի» տիրույթին, մինչդեռ ակնհայտ է, որ գործ ունենք ֆիզիկական ազատության իրավունքի հետ։ Այդ դեպքում ո՞ւր է դատական պաշտպանության արդյունավետ մեխանիզմը՝ համաձայն Սահմանադրության 27 հոդվածի 5-րդ մասի։ Բացատրեմ «մարդկային» լեզվով։ Ինձ զանգում, հրահանգավորում են ինքնամեկուսանալ, որովհետև իբրև շփվել եմ վիրուսակիր Ա-ի հետ։ Ես էլ պնդում եմ, որ չեմ շփվել։ Որտե՞ղ և ի՞նչ մեխանիզմով կարող եմ պաշտպանել իմ իրավունքները, եթե ո՛չ կարգ կա սահմանված, ոչ էլ՝ ինձ հիմնավորված որոշում հանձնելու պահանջ։

2) Ինչու՞ է «սանկցիան» ուղիղ 14 օր ինքնամեկուսացում։ Փաստացի, տարբերություն չկա՝ հիմք հանդիսացած կոնտակտը եղել է 1, թե 10 օր առաջ։ Դա նորմա՞լ է։

3) Ինչո՞ւ «461»-ի ռեժիմով ինքնամեկուսացածներին չի տրվել թեստավորման իրավունք։ Ինչո՞ւ պետք է մարդը 14 օր փաստացի ազատությունից զրկվի, այլ ոչ թե, օրինակ, 3-օրյա ժամկետում թեստավորվի ու, ըստ այդմ, հանգիստ թողնվի կամ ուղարկվի բուժման։ Թեստերը միայն «ընտրյալների՞» համար են, իսկ հասարակ մարդիկ պիտի 14 օր մնան անորոշության մե՞ջ։

4) Ովքե՞ր են պետական ծառայող չհանդիսացող ու ոչ մի ողջամիտ ցենզի ոչ ենթակա այն անձինք, ում տրվելու է հասանելիություն ԲՈԼՈՐԻՍ՝ վարչապետից մինչև ԶՈւ շարքային, տեղաշարժի ու զանգերի մասին ամբողջական տեղեկատվությանը։ Ո՞ւր են այդ տեղեկատվությունը հակապետական, քաղաքական, խմբային կամ անձնական շահերից դրդված չչարաշահելու գործուն երաշխիքները։

Հարցերը շատ ավելի շատ են։ Այսքանով դեռ սահմանափակվենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել