1in.am-ը գրում է․
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում նոր միրջոցառումների մասին։ Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է TRT հեռուստաալիքը։
«Կեսգիշերից սկսած, 15 օրով կարգելվի ավտոտրանսպորտի մուտքն ու ելքը 30 քաղաքներում և Զոնգուլդակի շրջանում, որտեղ հիվանդությունը տարածված է։ Պարետային ժամ է մտցվում 20 տարին չլրացած անձանց համար։ Բնակիչները պարտավոր են պաշտպանիչ դիմակներ կրել այն վայրերում, որտեղ մարդկանց կուտակումներ կան՝ սուպերմարկետներում, շուկաներում և աշխատավայրերում»,- ասել է թուրք առաջնորդը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո Թուրքիայում նոր քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգ կկառուցվի և «ոչինչ այլևս առաջվանը չի լինի»։
Ավելի վաղ, Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել էր վերջին օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսից 69 զոհերի մասին։
«Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 20921-ի, վերջին 24 ժամերի ընթացքում COVID-19-ի 2786 թեստի դրական պատասխան է ստացվել»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։