Antifake.am-ը գրում է․

Երեկ՝ ապրիլի 2-ին, Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Փաշինյանը արել է կորոնավիրուսային համաճարակին առնչվող այնպիսի հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են իր նախորդ հայտարարություններին։
 

1. Իրավիճակը վերահսկելի՞ է, թե՞ ոչ

Անդրադառնալով կորոնավիրուսի գրանցման դեպքերին Փաշինյանն ասել է․ «Մենք կարող ենք ասել, որ իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակներում է»։

Սակայն ընդամենը օրեր առաջ Փաշինյանը հայտարարում էր,  որ իրավիճակը դուրս է եկել վերահսկելիության սահմաններից: Մարտի 24-ի իր ուղերձում Փաշինյանն ասել է․ «Մեր գործողությունների արդյունքում հաջողվեց կանգնեցնել Իրանի և Էջմիածնի ճյուղերի հետագա զարգացումը, և պայքարում էինք Երևանի արտադրամասի ճյուղի հետագա զարգացումը կանխելու համար: Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը, սակայն, ցույց է տալիս, որ Երևանի արտադրամասի ճյուղը հնարավոր է մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել, քանի որ նոր դեպքեր ենք արձանագրել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում, ինչը մեզ հանգեցրեց եզրակացության, որ պետք է մեկ շաբաթով շատ ավելի խիստ սահմանափակումներ կիրառենք»:
 

2. Կորոնավիրուսը երիտասարդների համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ

Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը նաև ասել էիր նախկին հայտարարություններին հակասող հետևյալ միտքը. «Ամենամեծ ռիսկի խումբը մեր տարիքով հայրենակիցներն են և մեկուսացման պայմանները, սահմանափակման պայմանները չպահելով՝ մենք առաջին հերթին վտանգի տակ ենք դնում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Ուզում եմ ճշգրտել, որ սա չի նշանակում, որ ավելի երիտասարդների համար երաշխավորված է, որ վիրուսը լինելու է անվտանգ։ Ո՛չ, էդպիսի բան որևէ մեկը չի պնդել և չի կարող պնդել, ուղղակի ասվում է, որ հիմնականում, առավելապես վիրուսը վտանգավոր է մեր ավագ սերնդի ներկայացուցիչների համար»։

Մինչդեռ մարտի 24-ի նույն ուղերձում Փաշինյանը այլ բան էր ասում. «Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ վիրուսը հիմնականում անվտանգ է երեխաների, երիտասարդների համար և նրա հիմնական զոհը դառնում են 70-ից բարձր տարիք ունեցող անձինք ինչպես նաև խրոնիկ հիվանդություններունեցողները»:
 

3. Խուճապ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ

Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանի մյուս հակասական  հայտարարությունը հետևյալն է

«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ չափից ավելի շատ ենք կանխել էդ խուճապային երևույթները, հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, երկրում տիրում է համատարած հանգստություն։ Իհարկե դա լավ է, զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստությունն է, որ մեզ համար ստեղծում է վտանգ, որ վարակի տեմպը կավելանա»։

Փաշինյանի այս հայտարարության հակասականությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը մշտապես կոչ է արել խուճապի չմատնվել: Եվ չնայած երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերին, նա «հանգիստ» և «հանդարտ» կերպով շարունակում էր քարոզարշավ իրականացնել, և խոստանում 

պինցետով հանել կորոնավիրուսներին և տնական արաղով դեզինֆեկցիա անել, այդպիսով անլրջացնելով իրավիճակը: Իր իսկ ստեղծած «հանգիստ» ու «հանդարտ» միջավայրում Փաշինյանն ու նրա թիմակիցները կորոնավիրուսի ՀՆԱՐԱՎՈՐ ՏԱՐԱԾՄԱՆ շուրջ իրենց մտահոգությունները հայտնած անձնաց շտապում էին մեղադրել դիվիդենտներ քաղելու, իսկ լրատվակիջոցներին «խուճապ տարածելու» մեջ:  Ստացվում է, որ պահի լրջության և որոշակի խուճապային տրամադրություննրի առկայության օգտակարությունը իշխանության ներկայացուցիչները հասկացան միայն հարյուրավոր վարակակիրներ ունենալուց հետո:
 

4. Կորոնավիրուսը սովորական գրի՞պ է, թե՞ ոչ

Կառավարության երեկվա նիստի ընթացքում Փաշինյանը ևս մեկ հակասական հայտարարություն է արել և ասել․ 

Եթե կորոնավիրուսը գրիպ լիներ՝ մեր հիվանդների 80%-ին կասեինք, որ տուն գնան և թեյ խմեն»:

Այնինչ այս հայտարարությունից օրեր առաջ՝ մարտի 12-ին,  հանրահավաքի ընթացքում Փաշինյանն ասել է․  «Սա վիրուս ա, գրիպի նման վիրուս ա, ավելորդ խուճապ պետք չի տարածել»: Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հետաքրքրվում էր 

թե արդյոք կորոնավիրուսով վարակված մարդը թեյ, սուրճ, օղի խմելուց կարո՞ղ է ապաքինվել:
 

5. Հայաստանում օրավարձով աշխատողներ կա՞ն, թե՞ ոչ

Բացի այդ, երեկ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ բազմաթիվ նամակներ է ստացել, որոնց հեղինակները պատմել են, որ օրավարձով աշխատողներ են և կորոնավիրուսի պատճառով հիմա աշխատանք չունեն և չեն կարողանում պահել իրենց երեխաներին: Միառժամանակ, Փաշինյանը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային միջոցառմամբ միանվագ աջակցություն կտրամադրվի նաև օրավարձով աշխատողներին:

Նկատենք, որ ընդամենը օրեր առաջ՝ մարտի 25-ին, Փաշինյանն Ազգային Ժողովում հայտարարել էր, որ «Հայաստանում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի»:
 

Ստացվում է, որ երեկ Փաշինյանը իր տարբեր հայտարարություններով հակասել է օրեր առաջ իր կողմից արված այլ հայտարարություններին։ Հաշվի առնելով վարչապետի գրվող-ջնջվող-խմբագրվող գրառումները և նախկինում և ներկայումս Նիկոլ Փաշինյանի այլ հակասական հայտարարությունները, սա օրինաչափ է և զարմանալի չէ։ Սակայն մտահոգիչ է, որ հակասությունները դրսևորվում են կորոնավիրուսային պանդեմիային առնչվող հարցերով, որոնք որոշակի վերաբերմունք են ձևավորում հանրության մոտ, ինչը, պարզվում է, սխալ է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել