Շվեդիայի անհաջող փորձը մինչև այսօր թմբկահարողների համար
Շվեդիան այս համաճարակի սկզբից միակ երկիրն էր աշխարհում, որ ոչ թե անտեսեց համաճարակը, այլ ընտրեց իբրև թե մասսայական իմունիտետի ձևավորման ուղին՝ ազատ թողնելով սեփական քաղաքացիներին համաճարակի դեմ պայքարում: Տրամաբանությունն այն էր, որ վարակվելն անխուսափելի է, և որ վարակի մեծ տարածվածության արդյունքում տնտեսությունը չի տուժի, և հասարակությունը կձևավորի «խմբային իմունիտետ»՝ ("Herd Immunity")՝ այդպիսով հեշտորեն հաղթահարելով համաճարակն ու դրա հետևանքները:
Կրկնեմ, որ Շվեդիան այդպիսի մոտեցմամբ միակ երկիրն էր: Միակն աշխարհում:
Այս օրերին, առերեսվելով գիտական մոդելավորումների հետ, որոնք Շվեդիայի նման մոտեցման շարունակման պարագայում կանխատեսում են ահռելի մարդկային զոհեր և շվեդական բարձրակարգ և մեծապես արդյունավետ առողջապահական համակարգի լիակատար կործանում, Շվեդիայի իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին «հանրային իմունիտետ» մեթոդով ձևավորելու քաղաքականութունից: Հիմա այլևս Շվեդիան կտրուկ միջոցառումներ է ձեռնարկում և փորձում է հետևել աշխարհի մյուս երկրների օրինակին: Միաժամանակ, քանի որ շվեդական հասարակությունը խելացի է, չափազանց բարձր կրթական ցենզով և հանրային պատասխանատվության մեծ զգացումով, հիմնական շեշտադրումն արվում է հասարակության անդամների կողմից կառավարության հրահանգներին հետևելու վրա, հետևաբար դրակոնյան միջոցների կարիք Շվեդիայում առայժմ չկա:
Բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե երկար այսպես մնալ չի կարելի, պետք է հասկանան, որ առողջապահական համակարգերի հնարավոր փլուզումներն ու մահերի ահռելի քանակությունը տնտեսությունները ոչ թե փլուզելու են, այլև անվերադարձ փոշիացնելու: Այս խնդիրը, սակայն, այլ ենթաշերտ ունի: Այն կառավարությունները, որոնք լիբերտարիանական՝ վայրի կապիտալիստական գաղափարներ ունեն և ծառայում են բիզնեսի շահերին, չեն ցանկանում կամ չեն կարող միջամտել կապիտալիստական մոդելի առավել վայրագ տարբերակների դիմադրությանն ու պատասխանատվություն ստանձնել՝ ապահովելու քաղաքացիների համեմատական բարեկեցությունն այսպիսի իրավիճակներում:
Եվ այդ պայմաններում այդպիսի իշխանությունները չեն ցանկանում սեփական տնտեսությունները երկար փակ պահել և նախընտրում են կարճաժամկետ տնտեսական կյանքը՝ երկարաժամկետ փլուզման հեռանկարն անտեսելով: Միաժամանակ սեփական ժողովրդին կերակրում են լավատեսությամբ և սեփական անգործությունը բարդում համաճարակի ամենուր և ամենակարող լինելու վրա: Արդյունքում սպառնալիքը կարող է վերածվել արհավիրքի, որի պատասխանատվությունը դրվելու է ոչ թե սեփական հանցավորության, այլ համաճարակի հզորության վրա:
Այդպիսի կառավարություն է և Հայաստանի կառավարությունը:
Եվ քանի որ այս օրերին ականատես եղանք այն ողբերգական փաստին, որ մեր այսօրվա հասարակության մի շատ զգալի հատված խորապես տգետ, մարտնչող և անպատասխանատու է, մենք՝ որպես ամբողջական հասարակություն, դա դժվար թե դեռ երկար ժամանակ գիտակցենք: Հետևաբար ունենալու ենք թե՛ մարդկային և թե՛ տնտեսական անվերականգնելի կորուստներ, և փոխանակ դրանց պատասխանատուներին հայհոյելու՝ հայոյելու ու խաչելու ենք այդ վտանգների մասին ահազանգողներին:
Մարտնչող տգիտությունն ու հայհոյախոսությունը Հայաստանում մոնումենտալ հաղթանակ են տարել:
Եվ մենք արժանի ենք այդ հաղթանակին, որ իրականում մեր պարտությունն է: