5 նոր փաստ Հայաստանի մասին
1. Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ էներգակիրների համաշխարհային գնի անկման պարագայում թանկանում է գազը: Միայն մերոնք կարող են այնպիսի հմտությամբ բանակցել գազի գնի իջեցման համար, որի արդյունքում գազի գինը կբարձրանա:
2. Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ փակում են մարզային հիվանդանոցներն ու ծննդատները, բայց հիվանդներին տեղակայում են հյուրանոցներում ու համերգային համալիրում: Մարդիկ կարճ հիշողություն ունեն: Մի քանի ամիս առաջ աշխատանքից դուրս շպրտվող բուժաշխատողների ճակատագիրը ոչ մեկին չէր հետաքրքրում: Հիմա ինտերնետներում տարածում են զարմանազան հեշթեգներ ու շնորհակալության խոսքեր:
3. Հայաստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ վիրուսակրին փորձում են բացահայտել նրա փաստաթղթերին ստուգելով ու մեքենաները զննելով: Չեմ ուզում մեկնաբանել: Մեկնումեկդ ասեք սրանց, որ կորոնավիրուսը բագաժնիկում պախկված էմիգրանտ չէ: Կորոնավիրուսով վարակված մարդու դիմագծերը չեն փոխվում: Ասեմ ավելին՝ կորոնավիրուսը նույնիսկ շուն չէ: Չնայած վերջին դրույթի հետ ոչ բոլորն են համաձայն:
4. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ կառավարությունը պատրաստ է քաղաքացիների հեռախոսազանգերի վերահսկման համար տրամադրել սմարթֆոններ, բայց պատրաստ չէ տներում մեկուսացված ծերերին ապահովել գոնե չոր հացով ու ջրով:
Երբ տեսնում եք, որ ծեր տատիկը սուպերմարկետում միայն մի բուխանկա է գնում, հաստատ դիետան չէ պատճառը: Հայաստանում միայնակ ծեր լինելը չքավորության հոմանիշ է: Խնդիրը սմարթֆոն չունեցող ծերերը չեն: Խնդիրը լքված, մոռացված ու անտեսված ծերերն:
5. Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ ավելի ծանր են տանում հարևան երկրներում կորոնավիրուսի ցածր ցուցանիշները, քան սեփական երկրում դրանց աճը: Մեզ դեռ մանկուց ներշնչում են, թե հայերս ինչքան խելացի, հնարամիտ ու ճարպիկ ենք: Բայց երբ գալիս է փորձությունը, պարզվում է, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին բոլորը: Միգուցե ՀՀ-ում վարակի տարածման խայտառակ (աննախադեպ) ցուցանիշի պատճառը այն է, որ մեզնից շատերին դեռևս թվում է, որ մենք մյուսներից խելացի, հնարամիտ ու ճարպիկ ենք: Եթե կորոնավիրուսից մի քանի հազար մարդ մահանա, փողոցում անցորդներին մահակներով ծեծող հնդիկ ոստիկաններն այլևս զվարճալի չեն թվա: