Pastinfo.am-ը գրում է․

Որևէ տրամաբանական հիմնավորում չի ներկայացվել, թե ինչպես դա կարող է կանխել համաճարակի տարածումը և հենց այդ հիմնավորումների բացակայության պատճառով կարծում եմ, որ սրա հետևում թաքնված են այլ հանգամանքներ, այդ թվում՝ տոտալ վերահսկողություն իրականացնելու հանգամանքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարված փոփոխություններին, որի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կֆիքսվեն քաղաքացիների հեռախոսազանգերը և հաղորդագրությունները։

«Օրենքն ինքնին խնդրահարույց է և քննարկումների ժամանակ էլ բավականին հանրամատչելի ձևով հիմնավորվեց, որ այդ գործիքը որևէ պարագայում որևէ օգուտ չի տալու համաճարակը կանխելու համար։ Քաղաքացիներս, ի սկզբանե չպետք է բարեխղճության կանխավարկածից ելնելով, վստահենք պետությանը։

Գործիք ներդնելը շատ հեշտ է, սակայն հետագայում գործիքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն ավելի բարդ է լինելու»,- ասաց Պողոսյանը։
Պողոսյանն ափսոսանք հայտնեց, որ վերջին երկու տարում չի ընդունվել որևէ դրական օրենք։

«ԱԺ կողմից ընդունված գրեթե բոլոր օրենքները վերաբերում են նոր սահմանափակումների, արգելքների, նոր տուգանքների և որևէ դրական մեսիջ հանրությանը չի հղվում՝ սա էլ է այդ շրջանակներում։ Կարծում եմ, որ իշխանությունն արդեն իսկ անթաքույց նպատակներ ունի՝ տոտալ վերահսկողություն սահմանելու և սա էլ այդ տրամաբանության շրջանակներում տեղավորվում է»,- նշեց Պողոսյանը։

Բացի այդ՝ օրենքը խնդրահարույց է նաև փաստաբանական գաղտնիքի տեսանկյունից։

«Մեր շփումները պետք է լինեն փաստաբանական գաղտնիքով պաշտպանված դրույթում, սակայն այդ դրույթը շրջանցվում է այս օրենքով՝ արտակարգ դրության պայմաններում»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ չի հասկանում տրամաբանությունը։

Ըստ Պողոսյանի՝ պետության կողմից՝ անձանց նման իրավունքների սահմանափակման պարագայում չկա դրա բողոքարկման ինստիտուտը, չկա բողոքարկման կանոնակարգը։

«Գուցե ապօրինի է հավաքվել իմ վերաբերյալ տեղեկատվությունը՝ շփումները։ Այս անորոշությունների պայմաններում ակնհայտ է մեկ բան՝ իշխանությունն այս օրենքով ցանկանում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր քաղաքացիների նկատմամբ»,- ասաց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է լրագրողական գաղտնիքին, մասնավորապես՝ աղբյուրի բացահայտման խնդրի հետ, Պողոսյանն ասաց. «Եթե առանձին կոնտեքստից վերցրած ենք նայում այս հարցին, ակնհայտ է, որ սա քիչ մտածված, հապճեպ կայացված որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է լրագրողական գաղտնիքին՝ աղբյուրի բացահայտման խնդրին, փաստաբանական գաղտնիքին, վերջին երկու տարում ականատես ենք եղել, որ գործող իշխանությունը որևէ ցանկություն չունի նման «մանր» հարցերով զբաղվելու՝ նման երաշխիքներն ապահովելու հետ կապված»։

Պողոսյանի խոսքով՝ օրենքով որևէ բացառություն, որևէ ոլորտային սահմանափակում, որևէ գործունեության սահամանափակում չիրականացնելը հենց ապացուցում է իր տեսակետը, որ ցանկությունը ոչ թե հարցին թիրախային մոտեցումն է, այլ՝ տոտալ վերահսկողություն իրականացնելը։

«Հեռախոսազանգերի տվյալների բազան պահպանվում է շատ երկար ժամանակահատված։ Ես կհասկանայի, եթե նոր օրենքով սահմանվեր, որ վարակված անձի վերջին 14 օրվա շփումների շրջանակը բացահայտվում է, սակայն իշխանությունն այդ ճանապարհով չի գնացել, այլ գնացել է տոտալ վերահսկողության ճանապարհով։ Իշխանության համար որևէ նշանակություն չունի , թե ով է փաստաբան, ով է լրագրող, ով է վարակված։ Սա վարակի տարածման դեմ ուղղված գործիք չէ»,- ասաց Պողոսյանը։

Ինչ վերաբերում է պարետի նոր որոշմանը, որտեղ առանձնացված չէ փաստաբանական օգնության դրույթը, ապա Պողոսյանն ասաց, որ այդ հարցին դեռևս որոշման հրապարակումից հետո է բարձրաձայնել, որ հստակ չէ՝ փաստաբանական գործունեությունը վերջիվերջո թույլատրվում է, թե ոչ։
Փաստաբանը մտահոգություն հայտնեց, որ պարետատան որոշումները կայացվում են հապճեպ, առանց կշռադատման, ինչի մասին վկայում են բազմաթիվ որոշումները՝ նախկին որոշումներում ուղղումներ, մասնավորապես լրացումներ կատարելու, կամ ընդհանրապես չեղյալ համարելու մասին։ Տվյալ պարագայում խոսքը չի գնում միայն փաստաբանների գործունեությանը վերաբերող կարգավորումներին։ «Երեկվա Չարենցավանի դեպքը, որ հրապարակվեց, որ արգելք է սահմանվել, հետո հայտարարվեց, որ տեխնիկական խնդիր է։ Այդպիսի սպրդումները, անհստակությունները որոշումներում խոսում է այն մասին, որ համակարգված և հստակ որոշումների կայացման մեխանիզմ չի գործում, այլ՝ պահի անհրաժեշտության, առանց երկար- բարակ կշռադատելու»,- ասաց Պողոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել