Ես ամեն դեպքում ինտուտիվ շատ թերահավատ եմ վերաբերվում «ախմախ չինացիք կերել ենք ինչ-որ կենդանի», ու դրա պատճառով բոլորս էս վիճակում ենք հայտնվել վարկածին: Սկզբում չղջիկն էր, հիմա չեմ հիշում ինչ՝ մագնոլիա թե պագնոլիա անունով ինձ անհայտ կենդանի:
Ոչինչ, բնականաբար, չեմ կարող պնդել, բայց շատ պարզունակ ու դարերով հայտնի մանիպուլյատիվ հնարի հոտ է գալիս այս ամենից: Իբր, «ինչպես միշտ», ամեն ինչում մեղավոր են «անգրագետ մասաները» կամ «անկիրթ բարբարոս ցեղերը»:
Ինձ համար այս պատմության ծագումնաբանության մեջ վճռական է մնում այն փաստը, որ Ուհան քաղաքում է Չինաստանի ազգային ակադեմիայի վիրուսոլոգիայի ինստիտուտը:
Բնականաբար, ես չունեմ որևէ հնարավորություն՝ հաստատելու կամ հերքելու համար այն ենթադրությունը, որ համընկնումը պատահական չէ: Բայց ունեմ կարողություն պնդելու, որ այս փաստը չի կարող հենց այնպես շրջանցվել կամ անտեսվել, ինչպես նաև այն հանգամանքը, որ շատ քիչ է խոսվում այդ փաստի մասին, և շատ է խոսվում «չղջիկ/մագնոլիա/պագնոլիա» ուտող «անգրագետ չինացիների» մասին:
Ես չեմ խոսում ինչ-որ համաշխարհային դավադրության մասին: Շատ ավելի պարզ մոդելներ ու նախադեպեր կան: Օրինակ՝ սովետական պատմությունից հայտնի է 1970-ականներին Սվերդլովսկում սիբիրյան յազվայի էպիդեմիան: Դա վթարի արդյունք էր ռազմական բժշկական հաստատությունում: Բայց պաշտոնական վարկածով մեղավոր էին իբր անորակ միս վաճառողները՝ «անգրագետ մասաները», այլ ոչ թե ինստիտուտները:
Ասածս այն է, որ չենք կարող ոչինչ բացառել այս պահին, բայց դրա փոխարեն կարող ենք մի քիչ ավելի համբերատար, հանգիստ ու սթափ լինել՝ արագորեն ու հեշտությամբ չտարվելու համար «հեշտ» և հոգեբանորեն պարզունակ վարկածներով, որովհետև էս իրավիճակում արագորեն որևէ բանով չտարվելը, ամեն բան 7 անգամ մտածելը, սթափությունը, առողջ սկեպտիցիզմն ամենակարևորն են:
Գիտեմ, որ անդարդ գլխիս դարդ եմ բերում այս գրառմամբ, բայց գիտեմ նաև, որ կարդացողների ահագին մասը ճիշտ կհասկանա գրածս: