Տիկնայք և պարոնայք, ես ձեզ չեմ հավատում։
Այսօր ԱԺ-ն քննարկում է 2-րդ ընթերցմամբ հեռախոսների միջոցով մարդու անձնական կյանքին կոպտորեն միջամտելու և անձնական կյանքը վերահսկելու օրինագիծը՝ ներկայացնելով դա որպես մարդկային կյանքեր փրկելու կարևոր միջոց և ոչ ավելին:
ԵՍ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, որովհետև, նոր կորոնավիրուսի հետ կապված, դուք և ձեր կառավարությունն ինձ անդադար խաբել եք:
Փետրվարի 27-ին առողջապահության նախարարը պնդում էր, որ յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա, իսկ մեկ ամիս անց մենք ունենք 500-ից ավել հիվանդ և 3 մահ:
Մարտ ամսին ասվում էր կորոնավիրուսի շնաբարո ծագումնաբանության մասին և պինցետով ու տնական օղիով չեզոքացման բացառիկության մասին (իսկ հիմար աշխարհը ընկած դեղ ու պատվաստանյութ է փնտրում), իսկ այսօր արագ կառուցվում են բազմաթիվ նոր մոդուլային բժշկական մասնաշենքեր, աշխատանքի են հրավիրվում շտապօգնության մեքենաների վարորդներ, բուժքույրեր, բժիշկներ, հյուրանոցներում տեղավորվում են մեկուսացման ենթակա մարդիկ: Յուրահատուկ ոչ մի միջոցի կարիք չկա՞ր, պարոնայք:
Մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն, ու ձեզնից ոչ մեկ, հարգելի իշխանական պատգամավորներ, մի անգամ չասաց, որ, այ կառավարություն, ձեր որդեգրած նախնական միջոցները ոչ էֆեկտիվ են ու թույլ: Այսօր դուք խոսում եք մարդկային կյանքեր փրկելու էս օրինագծի բացառիկության մասի՞ն: Դուք, որ ծպտուն չէիք հանում, երբ ձեր կուսակից ընկերները և կառավարության ղեկավարը քարկոծման թիրախ դարձրին էջմիածնեցի կնո՞ջը, որին մոտ 10 օր հալածում էին, ով ինչպես կարողացավ: Մարդը ձեր համար բարձրագույն արժե՞ք է: Լո՞ւրջ:
Ես ձեզ չեմ հավատում, որ դուք մեր հեռախոսները չեք գաղտնալսելու: Դրա ձայնն էլ հետո դուրս կգա:
Այդ իսկ պատճառով հայտարարում եմ, որ մինչև արտակարգ դրության ավարտ զանգելու եմ ընկերներիս, գործընկերներիս և հարազատներիս միայն ֆորսմաժորային իրավիճակներում: Նույնը ակնկալում եմ ձեզնից, բարեկամներ: Տանից դուրս գալիս, բացի անձնագրից ու թերթիկից, ո՛չ հեռախոս եմ վերցնելու, ո՛չ ֆաքս, ո՛չ քսերոքս: