Հարգելի բոլոր,
Երեկ գիշերը COVID-19-ի իմ թեստը դրական արդյունք ցույց տվեց, որով պայմանավորված՝ հիմա գտնվում եմ Կապանի բժշկական կենտրոնում։ Որևէ նշան չեմ ունեցել, ինքնազգացողությունս եղել և մնում է լավ ինչպես առաջ, էնպես էլ հիմա: Թեստը հանձնելու նախաձեռնությունը եղել է իմը և ընտանիքինս, և թեստ հանձնելու ցանկությունս եղել է դեռ այն ժամանակվանից, երբ ժամանել եմ Կապան: Ցանկությունս պայմանավորված չի եղել որևէ նշանով, որովհետև վերջիններս, ինչպես նշեցի, երբևէ չեն եղել ու չկան նաև այսօր: Ցանկացել եմ թեստ հանձնել՝ ելնելով այն նկատառումից միայն, որ Հայաստան էի ժամանել ինքնաթիռային չվերթով:

Ես Հայաստան եմ ժամանել Գերմանիայից դեռ այն ժամանակ, երբ դեպքերը չէին հասցրել զարգացում ապրել այնտեղ: Իտալիայի իմ քոլեջը փակվել էր դեռ փետրվարի 23-ին, երբ երկրի մարզերից մեկում ի հայտ էր եկել վարակի առաջին դեպքերից մեկը: Ինձ երկու շաբաթով հյուրընկալել էր գերմանացի կուրսընկերուհիս: Հայաստանում եմ արդեն 20 օր:

Կապան մտնելուս առաջին իսկ պահից ընտանիքիս հետ խստորեն ինքնամեկուսացվել եմ: Ծնողներս չեն գնացել աշխատանքի, քույրս՝ դասի, արև տեսել եմ պատուհանից, ու այս ամենը նույնիսկ մինչև երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվելը:

Ընտանիքս ինքնամեկուսացած է մինչև հիմա:

Այսօր ողջ օրվա ընթացքում ինձ են հասնում տարբեր համաքաղաքացիների կողմից անհիմն ու անառողջ մեկնաբանություններ։ Ինքս թեստի դրական պատասխանից մեծ անակնկալի եմ եկել, քանի որ արդեն Հայաստանում եմ բավականին երկար ժամանակ, ու նշաններ չեն եղել ո՛չ ինձ, ո՛չ ընտանիքիս անդամներից որևէ մեկի մոտ:

Այն կապանցիներին, ովքեր տանը երկար ժամանակ մնալուց պարապության են մատնվել ու փորձում են հետաքրքրացնել իրենց կյանքը՝ դրանում անտեղի և անհիմն պանիկա մտցնելով, խնդրում եմ զգույշ լինել իրենց ձևակերպումներում: Ես ու իմ ընտանիքը ոչ ոքի հետ չենք շփվել, ուստի մենք արել ենք մեզնից կախված առավելագույնը՝ որևէ վարակի հավանական ցանկացած տարածում կանխելու համար:

Կապան գալուց հետո չեմ այցելել անգամ ինձ ամենահարազատ մարդկանց: Ընկերուհիներիս հետ շփվել եմ տեսազանգով: Նեղսրտել ու ձանձրացել եմ կարանտինից դեռ այն ժամանակվանից, երբ ձեզնից շատերը շարունակում էին բնականոն կերպով աշխատանքի գնալ:

Հիմա ընտանիքիս հետ նույն քաղաքում եմ, բայց շարունակում եմ նրանց հետ շփվել տեսազանգով էնպես, ոնց Իտալիայում եղած ժամանակ: Մեր քոլեջը փակվել է մինչեւ տարվա վերջ, ու մենք չենք հասցրել անգամ ավարտական միջոցառում ունենալ ու ստանալ մեր դիպլոմները: Ես չեմ հասցրել գրկել ու հաջողություն ասել իմ էն ընկերներին, որոնք վերջին երկու տարիներին ինձ օտարության մեջ տուն են դարձել: Ու հիմա ես հիվանդանոցում մենակ եմ՝ բոլորի հետ առավելագույնը տեսազանգով շփվելու ու պատուհանի ապակուց միայն մարդ տեսնելու հնարավորությամբ:

Ասածս ի՞նչ է․ էսքան բանի մեջ ձեր անհիմն ու կեղծ հայտարարություններն ավելի զզվելի են, քան կլինեին, եթե ես հիմա գտնվեի նորմալ պայմաններում: Ես չեմ էս վիրուսն իմ օրգանիզմ մտցրել ու պարտավոր չեմ որևէ մեկի մոտ արդարանալ նրա համար, ինչը բոլորիցդ շատ տխուր է իմ ու ընտանիքիս համար:

Մինչև օրս բոլոր հետաքրքրասերների հղած հարցերին պատասխանել եմ հնարավորինս բարեհամբույր կերպով՝ քաջ գիտակցելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի մտահոգվելու սեփական անվտանգության ու առողջության համար, բայց որքանով որ ես եմ հասկանում ձեզ ու ձեր մտահոգությունները, այդքանի կեսով գոնե կառավարեք ձեր անզուսպ ու տհաս մարդուն բնորոշ պահվածքը:

Ես մարդ եմ, ով էս վերջին մի ամսվա ընթացքում քիչ բանի միջով չի անցել, ու իմ պահանջը արդարացված է այնքանով, որ ես ձեզ իրավունք չեմ վերապահում իմ հասցեին անպատասխանատու և անհիմն որևէ հայտարարություն անելու:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սրտանց անհանգստացել ու անհանգստանում են ինձ համար, ովքեր հեռախոսս մի րոպե ազատ չեն թողնում, որ ես օրվա ու մենակության գաղջությունից չգժվեմ, ովքեր շարունակում են մնալ նրբանկատ ու բարեկիրթ ոչ նրա համար, որ ձևն է էդպես, այլ որովհետև էսպիսին է նրանց էությունը:
Էստեղ՝ հիվանդանոցում, ինձ շատ լավ են վերաբերվում: Դռան այն կողմից պարբերաբար հարցնում են տրամադրությունիցս, ինքնազգացողությունիցս: Պետությունը տրամադրում է նաև սնունդ: Լավ եմ, ժպտում եմ, ուրախ եմ... Էս օրերն անցնելու են, ու ինքներդ ձեր առաջ վստահ եղեք, որ մարդ եք ոչ միայն ֆիզիկական կառուցվածքով, այլ նաև սրտով ու հոգով...

Առողջ եղեք ու տանը մնացեք...))
Սիրով ու հավատով՝
Արևին կարոտ Անահիտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել