Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր աջակցության մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում:
«Ներկա իրավիճակում Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է միավորվեն և պայքարեն վարակի դեմ: Մի քանի չինական ընկերություններ ԱՄՆ-ին տրամադրել են հումանիտար օգնություն: Չինական կողմը հասկանում է ներկա դժվարությունները, որոնց միջով անցնում է ամերիկյան կողմը և պատասրատ է աջակցել»,- ասել է Չինաստանի նախագահը:
Նա նշել է, որ Չինաստանն առաջիկայում էլ ամբողջությամբ ԱՄՆ-ին կփոխանցի կորոնավիրուսի դեմ պայքարում ունեցած իր փորձը:
ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակվածության ցուցանիշով անցել է Չինաստանից և այժմ առաջինն է աշխարհում: Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 85 հազար 604, ապաքինվածներինը՝ 1868: Կորոնավիրուսից մահացել է 1301 մարդ: