Լոնդոնի բնակիչն առողջացել է կորոնավիրուսից եւ պատմել, թե ինչպես են նրա աչքի առաջ մահացել հիվանդասենյակի մյուս հիվանդները: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
40-ամյա Ջոզեֆ Ուոլիսը հիվանդացել է ընկերների հետ փաբ այցելելուց հետո: Նա մեկ շաբաթ հազ եւ ջերմություն է ունեցել, նրան չէր բավականացնում օդը: Տղամարդը բժշկի չի դիմել, քանի որ չէր ցանկանում առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար բեռ դառնալ:
Ուոլիսի կինը՝ Էմման, անհանգստացել է ամուսնու ինքնազգացողության համար, եւ Ուոլիսը ինքնամեկուսացել է սենյակում` առանձնանալով կնոջից եւ երեխաներից: Նա դադարել է ծնողներին այցելել, քանի որ վախենում էր նրանց էլ վարակել:
Երբ տղամարդու վիճակն ավելի է վատացել, շտապօգնությունը նրան տարել է կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոց: Նրա ախտորոշումը հաստատվել է 30 ժամից:
Ուոլիսին տեղավորել են 6 հոգանոց հիվանդասենյակում: 3 օրվա ընթացքում, երբ տղամարդն անցկացրել է հիվանդասենյակում, նա ականատես է եղել, թե ինչպես են մահանում իր երկու հարեւանները: «Տարիքով տամարդը չէր կարողանում ինքնուրույն շնչել, իսկ հետո ես նրան այլեւս չեմ տեսել: Բուժքույրն ինձ ասաց, որ նա մահացել է: Մյուս հիվանդին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բայց նրան նույնպես չի հաջողվել փրկել: Նա ծեր էր, այլ հիվանդություններ էլ ուներ»,- պատմել է Ուոլիսը:
Մյուսների ողբերգությանն ականատես լինելով՝ տղամարդը որոշել է մարդկանց զգուշացնել պետության կողմից հաստատված կանոնների պահպանման անհրաժեշտության մասին: «Մենք պետք է այդ ամենին լուրջ վերաբերվենք: Պետք չէ երեկույթներ կազմակերպել եւ հանդիպել ընկերներին, այլապես ավելի շատ մարդ կմահանա»,- ասել է նա: