ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության հանձնաժողովներից մեկի նախագահը, փորձաքննություններ կատարելիս օժտված լինելով կազմակերպա-տնօրինչական լիազորություններով և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ուժով հանդիսանալով պաշտոնատար անձ, նույն օրենքի սահմանված արգելքների խախտմամբ, հանձնաժողովի մյուս 2 անդամների հետ նախնական համաձայնությամբ, փորձաքննության դիմած քաղաքացիների օգտին նախընտրելի որոշում կայացնելու, այն է՝ հաշմանդամ ճանաչելու, տևողության ժամկետը սահմանելու, հաշմանդամության խումբը փոխելու համար, տևական ժամանակ մեկ միասնական դիտավորությամբ որպես կաշառք ստացել է 20.000-ից մինչև 100.000 ՀՀ դրամ, որից հանձնաժողովի անդամներին հատկացրել է մասնաբաժին։ Մասնավորապես, միայն 2020 թ. մարտ ամսվա ընթացքում իր աշխատասենյակում փորձաքննության դիմած 6 անձանցից որպես կաշառք մաս-մաս ստացել է խոշոր չափերով՝ ընդհանուր առմամբ 300.000 ՀՀ դրամ գումար։
Անհերքելի ապացույցների առկայության պարագայում հիշյալ հանձնաժողովի նախագահը 2020 թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հսկողության ներքո իր աշխատասենյակում հերթական անգամ կաշառք առձեռն ստանալիս բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել։ Խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկան, իսկ կաշառք տվող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։
ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով կաշառք ստացած պաշտոնյան ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ կաշառք ստանալու հնարավոր այլ հանցադեպերը, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված այլ անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։