Factor.am-ը գրում է․
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց կառավարության նիստում հավանության արժանացած գյուղատնտեսության ոլորտին ուղղված աջակցության ծրագիրը: Փոխնախարարը նշեց՝ առաջին գործիքակազմը վերաբերում է կարողությունների զարգացմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրման գործունեության արդյունավետության բարձրացմանը:
«Այն բոլոր գործիքները, որոնք մշակել ենք նաև գործող ծրագրեր են, որոնք ոլորտի զարգացման համար են մշակվել, որոշները ինչ-որ չափով վերափոխվել են: Մնացած բոլորի մասով սուբսիդավորումը կազմել է 100 տոկոս, այսինքն` գյուղացու համար սահմանվելու են զրո տոկոս տոկոսադրույքներ»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով առաջին փաթեթը վերաբերում է միկրովարկերին: Այսինքն մինչև 1 մլն դրամանոց վարկերը մարդիկ կարող են վերցնել զրո տոկոս տոկոսադրույքով. «Եթե բանկը համարի, որ տվյալ ֆերմերը կարող է օգտվել այդ վարկատեսակից, ապա արտոնյալ ժամկետ է սահմանվում մինչև 9 ամիս, և ֆերմերը կարող է այդ գումարը վերցնել, ներդնել իր տնային տնտեսությունում, իրականացնել հողի մշակման աշխատանքները և 9 ամիս հետո, երբ բերքը կարող է արդեն վաճառած լինել և գումար ունենալ, նոր սկսում է վարկի մարումը: Հետևաբար 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվել մայր գումարի համար»,- ասաց էկոնոմիկայի փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։