Իտալիայում անպետք են համարել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար նախատեսված ռուսական օգնության մեծ մասը: Այս մասին հայտնում է La Stampa պարբերականը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:
Նշվում է, որ խոսքը գնում է Ռուսաստանից Իտալիա հասցված բեռների 80 տոկոսի մասին:
Պարբերականը գրում է, որ Իտալիային օգնելու համար Ռուսաստանը կարող է ունենալ իր քաղաքական եւ դիվանագիտական հետաքրքրությունները, իսկ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այն կարող էր ընդունել Մոսկվայի հետ «անձնական հարաբերություններն ամրապնդելու» ցանկությունից դրդված:
Դրանից բացի՝ պարբերականն ընդգծում է, որ Իտալիա ժամանած մասնագետները ոչ թե բժիշկներ են, այլ բարձրաստիճան զինվորականներ:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: