Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ծավալուն աշխատանքները լուսաբանելու, ինչպես նաև Արցախի ողջ տարածքում իրականացվող աշխատանքները պատշաճ ձևով ներկայացնելու համար անհրաժեշտություն առաջացավ ստեղծելու հանձնաժողովի ներքո գործող տեղեկատվական շտաբ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Նախագահի խորհրդական, տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Տիգրան Աբրահամյանը և ավելացրել, որ ներկայումս շտաբի աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում:
«Մեր նպատակն է ժամանակին, օբյեկտիվ, օպերատիվ տեղեկատվության փոխանցումը մեր հանրությանը: Կեղծ տեղեկատվության դեմ պայքարի առաջնային սկզբունքը պաշտոնական տեղեկատվության օպերատիվ ապահովումն է, ինչը և մենք փորձում ենք իրականացնել: Առհասարակ, կեղծ տեղեկատվության իմաստով, երկու խումբ կարելի է առաանձնացնել:
Առաջինը՝ արտաքին տեղեկատվական ռիսկերն են՝ առաջին հերթին կապված ադրբեջանական «տեղեկատվական դիվերսիաներ»-ի հետ:
Երկրորդ խումբը՝ ներքին տեղեկատվական ռիսկերն են, որոնք առավելապես արտահայտվում են տարբեր անձանց անզգույշ, չկշռադատված վարքագծով, ինչը կարող է արտահայտվել հատկապես սոցցանցերում հայտնվող չստուգված, նաև ակնհայտ կեղծ տեղեկատվության արտահայտմամբ: Տեղեկատվական շտաբը մեր քաղաքացիներին ապահովել ու ապահովելու է իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվությամբ, այնպես որ հորդորս է՝ հետել պաշտոնական լրահոսին»,- մանրամասնել է Տ. Աբրահամյանը:
Կայքւ զրուցակիցը նշել է, որ տեղեկատվական շտաբը օրվա ընթացքում բավականին զանգեր է ստանում, մի մասը՝ գործընկեր ԶԼՄ-ներից, մյուս կողմից՝ զուտ տեղեկատվական բնույթի հարցերով ու առաջարկներով շտաբ են դիմում տարբեր քաղաքացիներ:
Տ. Աբրահամյանի խոսքով՝ հավաքագրվող տեղեկատվությունը մշակվում է և փորձում են օպերատիվ կերպով պատասխանել ԶԼՄ-ների հարցադրումներին, ինչպես նաև քաղաքացիների բարձրացված հարցերը ներկայացնել օպերատիվ շտաբին, ըստ անհրաժեշտության՝ ուղիղ ձևով փոխանցելով այն գերատեսչություններին, որոնց տիրույթում է դրա արձագանքը:
«Մեծ թիվ են կազմում նաև այն զանգերը, որոնք գործառութային առումով մեզ չեն վերաբերվում: Պայքարը վարակի տարածման դեմ առավել արդյունավետ կլինի, եթե դրանում ներգրավվեն մեր հասարակության բոլոր շերտերը՝ յուրաքանչյուրն իր մասով, մի մասը կամավորական սկբունքներով՝ տարբեր աշխատանքների ներգրավվելով, մի մասը ֆինանսական (համապատասխան հաշիվներ են բացված), ինչու չէ՝ մի մասն էլ մեկուսացման կամ ինքնամեկուսացման սկզբունքի շրջանակներում: Այս պայքարը քաղաքական, աշխարհաքաղաքական սահմաններ չի ճանաչում և մեր քաղաքացիներ անհրաժեշտ ծառայությունների մատուցման ճանապարհին պետք է համախմբենք մեր բոլոր ուժերն ու ռեսուրսները»,- ընդգծել է Տ. Աբրահամյանը: