Հարգելի Փաշինյան՝ վարչապետ Հայաստանի հանրապետության,

Ուշադրությամբ լսեցի Ձեր պարզաբանումները խորհրդարանում և մի փոքր տարակուսած եմ: Կարճ ասեմ՝ իմ կարծիքով կրկնում եք այն նույն սխալները, որոնք հատուկ էին ուլտրալիբերալիզմ (իմա՝ վայրի կապիտալիզմ) դավանող նախորդ բոլոր կառավարություններին: Մի կողմից արտակարգ իրավիճակ եք հայտարարում երկրի տնտեսական կյանքում, մյուս կողմից զրո ուշադրություն եք պահպանում սոցիալական բլոկի խնդիրների նկատմամբ: Այդպես չի լինում: Հասկանալի են Ձեր մտավախությունները՝ չեք ուզում նեղացնել խոշոր սեփականատերերին և բանկիրներին, որոնք իրենց արտոնյալ քմահաճություններով կարող են վտանգել խրոնիկ շրջափակված երկրի կյանքը: Ներկա իրողությունը Ձեր մեղքով չէ. նախորդներն են պետության մասնաբաժինը և մենաշնորհները հասցրել նվազագույնի, բայց հիմա պետության դերը երկրորդելը, մի կողմ քաշվելը կբերի հանրային կյանքի լարվածության և կազմալուծման: Տրամաբանական չէ, որ մի կողմից հասարակության ճնշող մեծամասնությունը «գոտիները ձգի», իսկ ֆինանսաբանկային օլիգարխիան շարունակի առաջվա պես հետամուտ լինել գերշահույթի: Ոչ մի կապիտալիստական երկրում նման «մկրատը» չի հանդուրժվում, առավել ևս՝ առկա և սպասվելիք տնտեսական ճգնաժամի պայմաններում: Հիմա ոչ թե պիտի թուլացնել, այլ, ընդհակառակը, ուժեղացնել պետության հսկողությունը ֆինանսների ու բանկերի վրա՝ դուրս բերելով ադեկվատ և հավասարակշիռ լուծումներ: Մեծաթիվ տնտեսագետ ջահելություն կա շրջապատում, որոնցից շատերը արևմտյան կրթարաններով են անցել: Բոլորից պահանջեք գրավոր (մեկ էջի սահմանում) ծրագրային դրույթներ օրվա հրատապ անելիքների մասին: Մոդելներն ու նախատիպերը շատ են (ԱՄՆ-ից սկսած, Չիլիով ու Լեհաստանով ավարտած). նոր հեծանիվ ստեղծելու կարիք չկա: Զայրանալ կամ հուզվել պետք չէ: Պետք է մտածել և գործել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել