Pastinfo.am-ը գրում է․

Արցախում  սպասվող ընտրությունների քարոզարշավն անցկացվում է բացօթյա, քանի որ կորոնավիրուսի հետ կապված խնդիրները պետք է հաշվի առնենք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Արցախի պահպանողական» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սպասվող ընտրություններով պայմանավորված վիրուսի տարածման ռիսկին եւ ընտրությունները հետաձգելու անհրաժեշտության մասին հարցին:

Ըստ Բաբայանի, առաջնորդող պետք  է լինի Արցախի առողջապահության նախարարության ցուցումը: «Կորոնավիրոսով պայմանավորված, իհարկե, առաջին տեղում մեր  ժողովրդի առողջությունն է , բայց այդ հարցը չպետք է քաղաքականացնել, պետք է  առաջնորդվել մարդասիրական եւ առողջապահական նորմերով:

Եթե առողջապահության նախարարությունը հայտարարի, որ վտանգավոր է, իհարկե, առաջնայինը պետք է դա լինի, պարզապես մենք պետք է նաեւ հասկանանք, որ հիմա դեմագոգների դարն է, որը երբեք բնորոշ չէր աշխարհին»,-ասաց Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ որոշ ուժեր շահարկում են կորոնավիրուսի վտանգի հարցը:

«Ուժեր կան, որոնք որպեսզի չկորեն, չանհետանան քաղաքական դաշտից, ամեն ինչ օգտագործում են, որոշ ուժեր կան, որոնք սպեկուլյացիաների, շահարկման են  ենթարկում նույն այդ կորոնավիրուսը: Հենց դադարեցնենք, հիմա էլ  շահարկելու են, ասելով, թե իշխանությունը ցանկանում է պահպանել իշխանությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք Արցախի նախագահի թեկնածուների մի մասը, կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգը հաշվի առնելով, հանդես է գալիս սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները հետաձգելու կոչերով:

Հավելենք, որ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել, ըստ պաշտոնական տեղեկատվության, երեկվա դրությամբ, բուժհաստատությունում մեկուսացված է եղել 3 քաղաքացի:

Անդրադառնալով նախընտրական Արցախում տիրող մթնոլորտին, Դավիթ Բաբայանն ասաց՝ Արցախի համար վտանգավոր երեւույթներ են ի հայտ եկել, որոնք նախկինում չեն եղել. «Կան Արցախին ոչ բնորոշ որոշ զարգացումներ, գաղափարախոսությունը փոխարինվում է փորախոսությամբ, այսինքն, փորի կարիքներով, մենք տեսնում ենք աննախադեպ անձի պաշտամունքի ինչ-որ բաներ, տեսնում ենք պաստառներ, որոնք հարյուր հազարավոր դրամներ արժեն, խոսում են բարեկեցության, մարդկանց կարիքները հոգալու մասին, բայց այնպիսի բաներ են անում… Անձի պաշտամունքը, որ երբեք մեզ մոտ չի եղել, հիմա տեսնում ենք: Այս ամենը, իհարկե, մտահոգիչ է»-եզրափակեց նախագահի թեկնածուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել