Pastinfo.am-ը գրում է․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը համաձայն է դիտարկման հետ, որ իդեալական օրենքներ չեն լինում, քանի որ պրակտիկայում մշտապես ենթակա են քննարկման, սակայն միառժամանակ համաձայն չէ, թե «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն իդեալական չէ։

«Քանի դեռ իրավակիրառ պրակտիկան որևէ խնդիր չի արձանագրել, այս օրենքն իդեալական է։ Դուք բոլորդ հնարավորություն եք ունեցել այս օրենքի ոչ իդեալական լինելու մասին կարծիք արտահայտել և ներկայացնել փաստարկներ և այդպիսին չի լսվել ո՛չ այս ամբիոնից, ո՛չ հանձնաժողովում քննարկման ընթացքում»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց Ռուստամ Բադասյանը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմանը՝ թե տպավորություն է, որ շատ դեպքերում օրենսդրական փաթեթներն ընդունվում են թռչնակով նշում կատարելու համար, Արդարադատության նախարարն ասաց․ «Այդ ոնց է ոչ ոք չի նկատում, որ թռչնակ դնելու համար ենք անում, միայն Դուք եք նկատում, այսինքն` միջազգային կազմակերպությունները չեն նկատում, ոչ ոք չի նկատում, Դուք նկատում եք, որ սա թռչնակի համա՞ր է։ Ինձ մոտ, ճիշտն ասած, տպավորություն է, որ Ձեր ելույթներն են այդպիսին, որովհետև դրանց տեքստը չի փոխվում, կամ չունի ինչ նախագիծ ենք քննարկում՝ Դուք նույն բանն եք ասում և, կներեք, բայց ինքներդ Ձեզ հակասում եք, մեկ ասում եք, որ սա շատ խիստ է, հետո ասում եք՝ ավելի խիստ պետք է լիներ»։

Նա ընդգծեց, որ փաթեթի հետ կապված շատ սկզբունքային կարգավորումներ չքննարկվեցին, փոխարենը երկրորդական, երրորդական բնույթի հարցեր քննարկվեցին, օրինակ՝ տարիքի հարցը, ցենզերը, և բաց թողնվեցին հանձնաժողովների ձևավորման ու գործունեության կարգի վերաբերյալ հարցերը։

«Կուզեի հատուկ արձանագրել, որ կառավարությունը շատ համառ է և ունենալով քաղաքական մեծամասնության աջակցությունը, որևէ կերպ հետ քայլ չի կատարելու բարեփոխումների ճանապարհից, շարունակելու է բերել արմատական փոփոխություններ ենթադրող նախագծեր, քաղաքական կամք է դրսևորելու դրանք պրակտիկայում կիրառելու համար։ Որևէ մեկին չթվա, որ մեզնից ավելի համառ կարող է գտնվել կամ մեր նկատմամբ ուղղակի, կամ էլ միջնորդավորված գործիքներ կիրառելով կարող է մեզ հետ պահել բարեփոխումների օրակարգից»,-ասաց Բադասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել