Tert.am-ը գրում է.

Պատերազմի ժամանակ լինում են ծայրահեղ պայմաններ, երբ լարվում են մարդու բոլոր ուժերը, որպեսզի հաղթահարվի պատերազմական դրությունը, իսկ խաղաղ պայմաններում մարդը կորցնում է զգոնությունն ու մոռանում ապագայի վտանգների մասին: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ խոսելով Արցախի ու արցախցու ապրելակերպից, որն ուղեկցվում է պատերազմով ու խաղաղությամբ:

Ըստ Սրբազանի՝ շահում է այն ազգը, որը միշտ արթուն է մնում՝ իմանալով ապագայի վտանգների մասին:

Պարգև Սրբազանի խոսքով՝ Ապրիլյան պատերազմը թարմ է բոլորի հիշողություններում. «Մենք վստահ ենք, որ Ադրբեջանը Արցախի հարցի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով: Ապրիլյան պատերազմը եղավ երրորդ դեպքը, երբ մեզ կանգնեցրին: Մենք պետք է հակահարված տայինք ու անցնեինք մեր մյուս գործերին, բայց մեզ զանգեցին ու ասացին՝ զինադադար են առաջարկում»:

Պարգև Սրբազանը պնդում է, որ մեր առաջխաղացման դեպքում անպատկերացնելի էր լինելու Իլհամ Ալիևի վիճակը. «Ես շատ բարկացա, երբ մեզ ասացին՝ զինադադար է լինելու: Ես այլևս զինվոր կորցնելուն պատրաստ չէի: Մենք պիտի առաջ գնայինք, բայց Ադրբեջանն արդեն երրորդ անգամ մեզ կանգնեցրեց՝ զինադադարով»:

Հարցին՝խաբվա՞ծ են այն մարդիկ, ովքեր հավատում են խաղաղ ճանապարհով Արցախի հարցի լուծմանը, Պարգև Սրբազանը պատասխանել է. «Ուշ, թե շուտ խաղաղությունը պետք է գա: Մենք երբևէ չենք խախտել զինադադարը՝ լինելով մեր խոսքի տերը: Խաղաղության համար բոլորը պետք է գան ընդհանուր համաձայնության, սակայն մենք այսօր չենք կարող խոսել Ադրբեջանի հետ խաղաղությունից, երբ իրենք մեծ ախորժակ ունեն, ընդհուպ խոսում են Սյունիքի, Երևանի մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել