Չինաստանը Հուբեյ նահանգի զգալի մասում կչեղարկի նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառավարության սահմանած` մարդկանց տեղաշարժի սահմանափակումները, հայտնում է Daily Mail պարբերականը։

Կայքի տեղեկություններով՝ կորոնավիրուս չունեցող մարդիկ ի վիճակի կլինեն լքել նահանգը երեքշաբթի կեսգիշերից հետո։

Ուհանում՝ կորոնավիրուսից ամենաշատ տուժած քաղաքում սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 8-ը։

Չինաստանի իշխանությունները մարդկանց ելումուտն Ուհան քաղաք արգելել էին հունվարի 23-ից սկսած, երբ երկրում նոր տարվա տոնակատարությունների հետ կապված սկսվել էր ճանապարհորդությունների ակտիվ շրջանը։

Հուբեյ նահանգում արդեն մեկ շաբաթ վարակման նոր ներքին դեպքեր չեն գրանցվել։ Մեկուսացումը դադարեցնելու մասին Չինաստանի իշխանությունների որոշումը բացահայտ ցույց է տալիս, որ այդ միջոցառումներն արդյունավետ են եղել, և երկիրն արդեն վարակի հաղթահարման վերջին փուլում է։

Այժմ տեղեկություններ չկան, թե արդյոք Չինաստանի մյուս հատվածները կընդունեն Հուբեյից ժամանած բնակիչներին, քանի որ երկրի որոշ հատվածներում դեռևս կարանտինային խիստ ռեժիմ է գործում։

Երկրի իշխանություններն այժմ խիստ զգուշություն են ցուցաբերում արտերկրից վիրուսի՝ երկիր ներթափանցումը կանխելու նպատակով։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 392 000-ը, 17 138 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 102 000-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել