Ավելի վաղ գրել էի, որ կան անուններ, որոնց հանդեպ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հատուկ զգայնություն ունի, ու դրանց հնչեցնելով՝ ցանկացած պահի կարելի է նրան պարտադրել, որ անկեղծանա: Դրանք երեքն էին՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Վիտալի Բալասանյան: Այսօր այդ շարքը համալրվեց եւս մեկ նոր անունով՝ Միքայել Մինասյան:
Արձագանքելով նախօրեին Միքայել Մինասյանի հրապարակած հոդվածին՝ «Հայկական ժամանակ»-ի կայքում հրապարակվեց հերթական հոդվածը, որի հեղինակի ինքնության մասին գրեթե կասկածներ չկան:
Հոդվածում անկեղծացման պահով հետաքրքիր երկու դրվագներ կան:
Հենց առաջին պարբերության մեջ անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը՝ գրելով․ «Նույնիսկ «բիրիքով» ձեռք բերած լրատվամիջոցները չեն կարողանում նորմալ աշխատել՝ կապված ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, եւ այդ ամենը, հասկանալի է, նյարդայնացնում է նրան»: Փաստորեն, հոդվածագիրը ոչ միայն խոստովանում է Հայաստանում ԶԼՄ-ների դեմ սահմանափակությունների գոյության մասին, այլեւ հաստատում է, որ դրա հիմքում ընկած է ոչ թե կորոնավիրուսի հետ կապված խուճապի կանխումը, այլ ոմանց «նյարդացնելը»:
Հոդվածագիրը նաեւ պախարակում է Միքայել Մինասյանին (ընդդիմությանը)՝ գրելով․ «Կարող էին, չէ՞, մեկ-երկու ամիս կամ գոնե մի քանի շաբաթ համբերել ու հասարակությունը պառակտելու փորձերը շարունակել կորոնավիրուսի նահանջից հետո»՝ մի պահ մոռանալով, որ այդ քննադատությունն առաջին հերթին ուղղված է հենց Նիկոլ Փաշինյանին, որը սեփական ամբիցիաներին հագուրդ տալու նպատակով ու անտեսելով կանխահաս վտանգի մասին հնչեցվող բոլոր նախազգուշացումները՝ շարունակեց բազմամարդ հանրահավաքներն ու դրանց ընթացքում հասարակության պառակտմանն ուղղված կոչեր հնչեցրեց: