եդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 20-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրադրության պայմաններում պարետատան աշխատանքը: Ըստ մամուլի հրապարակումների՝ մի շարք լրատվամիջոցներից և ֆեյսբուքյան օգտատերերից պահանջվել է հրապարակված նյութերը հեռացնել:

Ըստ Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ իրենց հարկադրել են հեռացնել նյութ, որտեղ հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ «կորոնավիրուսով» վարակվել է Կանադայի առաջին տիկնոջից։ Նա նաև հավելել է. «Արտակարգ իրավիճակ հայտարարելուց ի վեր ոստիկանությունից մեզ դիմել են չորս նյութի համար: Բոլոր դեպքում ուղիղ կապ են հաստատել ինձ հետ, սակայն արդեն խնդրել եմ այսուհետ գրավոր ծանուցում ուղարկել, քանի որ մեղմ ասած համաձայն չեմ այն պնդման հետ, որ նյութերը, որոնց համար մեզ դիմում են, խուճապ տարածող են»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ՀԿ նախագահ Արթուր Սաքունցին ոստիկանությունից ևս դիմել են իր ֆեյսբուքյան գրառումը հեռացնելու պահանջով։ Արթուր Սաքունցն անդրադառնալով թեմային՝ ասել է. «Այս տեղեկատվությունը բացարձակապես առնչություն չունի հայաստանյան իրականությանը, և այն տեղեկությունը չէ, որը կարող է ՀՀ-ում արտակարգ դրության մասին որոշմամբ սահմանված պարետատան կողմից հաստատվող տեղեկություն լինել։ Դա պաշտոնական տեղեկություն չես կարող համարել: Նման տեղեկության հաստատումը, թույլատրումը կամ տեղադրումը պաշտոնական կողմից որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Գտնում եմ, որ արտակարգ դրության պայմաններում խուճապ առաջացնող տեղեկությունների թվում չի կարող սա համարվել»։

Ըստ Aravot.am կայքի՝ ոստիկանության 6-րդ վարչությունից զանգահարել են 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանին ու պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը։ Սաթիկ Սեյրանյանն իր խոսքում նշել է. «Երեկ 6-րդ վարչությունից էին զանգել, նախ փորձել էին մեր աշխատակցի միջոցով կայքից նյութ հանել տալ՝ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումը: Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետեւ վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը: Կայքերում արդեն շիլաշփոթ իրավիճակ է, մի կայքին պարտադրում են հանել, մյուսն է դնում նույն նյութը: 6-րդ վարչությունից զանգեցին, ես ասացի՝ արտակարգ դրություն է, տնային պայմաններում ենք աշխատում՝ կարանտինում ենք ու անընդհատ նույն տեղում չեմ աշխատում»։

Ըստ Hraparak.am կայքի՝ իրենց ևս պարտադրել են հեռացնել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումումը։

Irakanum.am-ի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն ասել է, որ պարետատնից դեռ հորդոր չեն ստացել որեւէ նյութ հանելու, բայց Armday.am-ից ստիպված են եղել հանել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութը:

Լրագրող Մարինե Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իրենց տուն են այցելել ոստիկաններ ու պարետ Տիգրան Ավինյանի անունից հորդորել են ջնջել իր գրառումը` կարանտինի խախտման դեպքի հետ կապված, քանի որ, ըստ պարետատան, այն իբրև խուճապ է առաջացրել երկրում:

Araratnews.am կայքի հրապարակման համաձայն՝ իրենց պարտադրել են հեռացնել լրագրող Մարինե Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը։ Arartnews.am-ը հեռացրել է գրառումը և գրել է. «Այստեղ տեղադրված էր լրագրող Մարինե Խառատյանի ֆեյսբուքյան գրառումը, որը արտակարգ դրության սահմանված կանոնակարգի համաձայն՝ պարետատան պահանջով հեռացրել ենք։ Սակայն կուզեինք պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ավելի արդյունավետ կլիներ, եթե հոդվածը հեռացնել պահանջելու փոխարեն ավելի հետևողական լինեին բուն խնդրի նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել