168.am-ը գրում է․

Փիլիսոփաները դեռ կհասցնեն վերլուծել կորոնավիրուսի հետևանքները: Այն, ինչ կատարվում է աշխարհում, հնարավոր է՝ ավելի մեծ հետք թողնի, քան հերթական գլոբալիզացիան կամ հասարակության վերափոխման որևէ այլ հին ու նոր փորձ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի մասին մի քանի շաբաթ առաջ միայն մասնագետները գիտեին, հիմա ավելի հայտնի է, քան ՖԻՖԱ-ն: Կամ որևէ այլ կազմակերպություն: Այդ կազմակերպության կայք-քարտեզը հիմա ավելի շատ դիտումներ ունի, քան ամենահայտնի բլոքբաստերները: Երևի թե՝ միասին վերցրած:

Իսկ այդ կայքում ընդամենը թվեր են: Թվեր, թե կորոնավիրուսը քանի երկրում է արձանագրվել, յուրաքանչյուր երկրում որքան հիվանդ կա, որքան առողջացած, որքան զոհ: Համաշխարհային լրատվությունը ևս համարյա մեկ թեմա ունի՝ որ երկիրն ինչ միջոցներ է ձեռնարկում այս առիթով:

Սկզբում հետաքրքիր էր: Հետո ակնհայտ դարձավ, որ համարյա բոլոր երկրների «արտակարգ վիճակ» անունով ընդունված որոշումները բավական նման էին իրար: Բոլորն ընդունեցին «մեկուսացում և ինքնամեկուսացում» մեթոդը: Որը, ժամանակի հետ, հետո խստացրեցին:

Օրինակ, Ֆրանսիայի փողոցներում հայտնված մարդն առաջիկա 15 օրերին հատուկ թույլտվություն պիտի ունենա, այլապես 135 եվրո կտուգանվի: Իսրայելում նույն հանցանքը 7 տարվա ազատազրկման կարող է արժանանալ: Սերբիան քաղաքներում 65 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին ընդհանրապես արգելեց փողոց դուրս գալ (գյուղական համայնքներում 70 տարեկանից ավագներին է արգելված փողոց դուրս գալ):

Շատ երկրներ արգելել են օտարերկրացիների մուտքն ընդհանրապես: Մեր երկրի պարագային, կարծեմ, 16 երկրների քաղաքացների վրա է տարածվում այդ արգելքը: Մարտի 18-ից Վրաստանը միացավ բոլոր արտասահմանցիներին արգելող երկրներին: Եվրամիության անդամ երկրները միասին փակեցին իրենց արտաքին սահմանները օտարերկրացիների առջև: Չնայած նախկինում ԵՄ անդամ որոշ հարևան երկրներ դա արել էին միմյանց հանդեպ:

Նմանատիպ որոշումներ ընդունեց նաև ԱՄՆ-ը: Բայց այս երկիրը մեկ դրվագով արմատապես տարբերվում է մյուսներից: Տնտեսական հարցերի (ավելի ստույգ՝ տնտեսական վնասների) մասին բոլոր երկրների ղեկավարները խոսում են կիսաբերան: Նախ՝ հավանաբար այն պատճառով, որ վնասի չափերը ստույգ գնահատել հընթացս հնարավոր չէ: Երկրորդ՝ համաճարակի այս պահին տնտեսական թեմաներն առաջնային դարձնելը, մեղմ ասած, վայել զբաղմունք չի համարվի: Մինչդեռ ամերիկյան իշխանությունները, համաճարակի «պարտադրած» մեկուսացման ու ինքնամեկուսացման որոշումներին զուգահեռ՝ հայտարարում են տնտեսական բացասական հետևանքները մեղմելուն միտված իրենց քայլերի մասին: Արդեն հաշվարկել են ու ասում են, որ պատրաստ են 1 տրիլիոն դոլար տրամադրել տնտեսական վնասներից ուշքի գալու համար: Նույնիսկ ինչ-որ որոշումներ են ընդունում մանր ու միջին գործարարության հասցված վնասները մեղմել-փոխհատուցելու համար: Գուցե դա է ամերիկյան պրագմատիզմ ասածը, որով այս երկիրը տարբերվում է մյուսներից:

Արտակարգ վիճակի պարագային, երևի կարելի է միայն ուրիշների օրինակներից խոսել: Ուստի նշենք, որ Վրաստանի կառավարությունն առևտրական կազմակերպություններին կոչ է արել չօգտվել ստեղծված իրավիճակից և դժբախտության հաշվին փող չաշխատել: Հնարավոր է, որ պարզ ու հասկանալի դիմում է:

Այս օրերին իսկապես հետաքրքիր է ընթերցել տարբեր երկրների մամուլը: Հատկապես հետաքրքիր են ներքին սպառողին ուղղված իշխանական տեքստերը: Օրինակ, Վրաստանում մարտի 18-ից արգելվել է երթուղային տաքսիների աշխատանքը: Իշխանություններն արգելելուն զուգահեռ՝ բացատրում են, որ դա արվել է՝ իրավիճակից ելնելով, և բնակչությանը կոչ են անում անհրաժեշտության դեպքում օգտվել մեծ ավտոբուսներից:

Փոխարենը՝ ադրբեջանական մամուլը սեփական ընթերցողին ասում է, որ ԱՀԿ-ն ու այլ միջազգային կառույցներ համաճարակի դեմ ձեռնարկած իրենց միջոցառումները համարել են օրինակելի: Համարել են ու, բնականաբար, բոլորին կոչ են արել սովորել իրենցից:

Անկեղծ ասած, չեմ ցանկանում, որ իմ ասածն ընդունվի՝ որպես չարախնդություն: Ուստի այլ մանրամասներ չեմ առանձնացնի: Պարզապես որպես վերջաբան՝ կարելի է ընդգծել այն, որ համաշխարհային համաճարակի օջախ Չինաստանում այն հաղթահարվում է: Հաղթահարվում է, առաջին հերթին՝ հստակ ու իրագործելի ծրագրերի հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել