Yerkir.am-ը գրում է․
1994 թ. փետրվարի 2-ին Ֆիզուլիի Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում հերոսի մահով ընկավ ազատամարտիկ Սամվել Մադաթյանը՝ Մելոն: Մելոյին հողին հանձնեցին ՀՀ Կոտայքի մարզի իր հայրենի Գողթ գյուղում: Հերոսի գերեզմանին հարող ոչ ընդարձակ տարածքը գյուղացիները որոշեցին չօգտագործել և այնտեղ միայն թաղել գյուղի այն բնակիչներին, ովքեր Արցախյան գոյապայքարում և հետագայում կզոհվեն հայրենիքի պաշտպանության համար:
Գյուղացիները նշում են, որ, չնայած այլևս զոհեր չունենալու ուրախալի իրողությանը, նշյալ տարածքում թաղումներ չկատարելու մասին այս ներքին պայմանավորվածությանը հավատարիմ են մնացել առավել քան 25 տարի: Անավարտ պատերազմը և սոսկ հարաբերական անդորրը, ավելին՝ Ապրիլյան քառօրյայի իրողությունն ու թշնամու ամենօրյա ոտնձգությունները գյուղացիներին ստիպում են մտածել, որ սրբությամբ պահպանված այդ տարածքում ամենևին էլ չի բացառվում, որ մի օր տեղ կգտնեն նոր հերոսներ:
Պարզվում է՝ 2018 թ. իշխանափոխությունը «իրավիճակ է փոխել» նաև Գողթում, և նախկինում ՀՀԿ-ական, հետագայում, գյուղացիների խոսքով, Փաշինյանի աջակցի «վերափոխված» (ընտրություններին պաշտպանել է «Իմ քայլին») գյուղապետ Կարեն Գաբրիելյանը որոշել է հանգուցյալ մորը հուղարկավորել հենց այդ տարածքում: Բնականաբար, գյուղապետի այս քայլը չէր կարող չհարուցել գողթեցիների լուռ դժգոհությունը: Գյուղապետը ոտնահարել է 25 տարի հարգված որոշումը. սա է նրանց մտահոգության ընդհանրական ձևակերպումը:
Գյուղացիների դժգոհությունը հայտնեցինք գյուղապետ Կարեն Գաբրիելյանին՝ խնդրելով մեկնաբանել այս քայլը: Գյուղապետը նախ պահանջեց նշել անուններ, թե ովքե՞ր են բողոքել, այնուհետև՝ պահանջեց մեզանից այդ բողոքն արտահայտող գյուղացիների հետ ներկայանալ գյուղապետարան՝ «այդ հարցը լուծելու»:
Մեր այն դիտարկմանը, թե այդ որոշումը ներքին համաձայնություն է, և, ըստ գյուղացիների, չկա որևէ իրավական ձևակերպում՝ այդ տարածքն օգտագործել – չօգտագործելու վերաբերյալ, այսինքն՝ դա ավելի շատ բարոյական հարց է, քան իրավական, գյուղապետը ոչինչ չցանկացավ մեկնաբանել: