«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու իրավասություն ունեցողների ցանկը կընդլայնվի: Այժմ այդ ինստիտուտին դիմելու իրավասություն ունեն միայն ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձինք: Սակայն ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հեղինակել է նախագիծ՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», որով առաջարկում է մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատերերին եւ կազմակերպություններին, որոնք Հարկային օրենսգրքով ազատված են հարկերից, դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

Այս նախագիծը դրական եզրակացություն էր ստացել կառավարությունում, երեկ էլ դրական եզրակացություն ստացավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում եւ կընդգրկվի առաջիկա նիստերի օրակարգ: Սակայն երկու ամսով հետաձգվել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը առաջարկել է այս հարցի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի ծանրաբեռնվածությունը, որն առաջացել է արտակարգ դրությունից: Հանձնաժողովը համաձայնել է հարցի քննարկումը եւ քվեարկությունը 2 ամսով հետաձգել:»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել