Ադրբեջանը 1994-ին աղաչում էր միջազգային հանրությանը, ինչու չէ, նաև՝ մեզ, որպեսզի դադարեցնենք կրակն ու զինադադարի պայմանագիր կնքենք: Այն ժամանակ բոլոր առումներով ուժն ու համակրանքը մեր կողմն էր: Ասում ենք, որ մեր նախագահն ու պաշտպանության նախարարը պատերազմի բովով անցած մարտիկներ են, իսկ պապայի շնորհիվ մամայի բալիկ մեծացած Իլհամ Ալիևն այդ տարիներին դուրս չէր գալիս արտասահմանյան խաղատներից, մեր բանակը հաղթանակած ու մարտունակ է, իսկ Ադրբեջանինը պարտված ու բարոյալքված, մենք պաշտպանվելու ենք, իսկ թշնամին՝ հարձակվելու, այսինքն նրան մեր ուժերի համեմատ բազմապատիկ գերազանցող ուժեր են հարկավոր, ինչ զենք, որ Ադրբեջանը ձեռք է բերում տարբեր երկրներից, այդ թվում նաև ՌԴ-ից, մենք այդպիսիներն ու անգամ դրանցից ավելի կատարելագործվածներն ունենք՝ ավելի էժան գնով ձեռք բերված և վերջապես, գերտերություններն ու միջազգային ազդեցիկ կառույցները պահանջում են Ղարաբաղյան կոնֆլիկտը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այսպես, իհարկե, կարելի է երկար շարունակել, ու եթե այս ամենը մենք գիտենք, գիտի նաև Ադրբեջանը, հապա ինչպե՞ս է պատրաստվում հարձակում գործել մեզ վրա, այն էլ՝ փորձելով կյանքի կոչել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի շանտաժը մեր հանդեպ, որ եթե հանկարծ բախտներս փորձենք համապատասխան փաստաթղթով ամրագրել, որ մեր վեկտորը դեպի ԵՄ է, ուրեմն կստանանք պատերազմ, որի դեպքում Արևմուտքը մեզ չի կարողանա պաշտպանել: Այդ ինչպե՞ս եղավ, որ այս տարների ընթացքում մշտապես խոսվում էր, թե որքան էլ անարդյունավետ թվա ԼՂ հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, այնուամենայնիվ, մեր դիվանադիտությունը հավատարիմ է «Խոսելն ավելի լավ է, քան պատերազմելը» (Talk talk is better than war war) գործելաոճին, ի դեպ, սրանից չհրաժարվեցինք անգամ Ռամիլ Սաֆորովին Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հերոսացնելուց հետո, բայց կյանքը ցույց տվեց, որ դրանից հրաժարվում է մեր թշնամին, ու մենք կանգնած ենք պատերազմի վտանգի առջև: Դե եթե այդպես է, մի՞թե ժամանակը չէ, որ փակուղի մտած գործելաոճից անցում կատարենք մեկ այլ կարգախոսով պայմանավորված քաղաքականության, որն աշխարհի տարբեր տեղերում իրեն արդարացրել է հազարամյակներով. «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի (Si vis pacem, para bellum): Բայց դրան հակառակ, կարծես սովորություն է դարձել, որ բարձրացված լուրջ հարցերին ու հայտնված մտահոգություններերին ի պատասխան մեր արտգործնախարարը կործանվող ինքնաթիռի բորտուղեկցորդուհու կեցվածք ընդունի ու արտաքուստ սառնասրտությամբ հայտարարի. «Պետք չի խուճապի մատնվել, ամեն ինչ կարգին է»:
Նրանք, ովքեր կցանկանան արդարացնել մեր արտաքին գերատեսչությանը, թե նրանց ձեռքն ինչ կա, որ նրանցից բան ենք պահանջում, կարծում եմ, վատ ծառայություն կմատուցեն ու նաև ավելի վերևի իշխանավորներին: Այդ առումով մի օրինակ բերեմ, որպեսզի այնուհետև պարզաբանեմ միտքս: Երբ ֆաշիստական Գերմանիան պարտվեց, ու ամիսներ անց սկսվեց Նյուրնբերգյան դատավարությունը, մեղադրյալի աթոռին էին հայտնվել նացիստական Գերմանիայի կարկառուն դեմքեր՝ Գերման Գերինգը, Ռուդոլֆ Գեսը, Կեյտելը, Կալտենբրուները…: Նրանց կողքին իր «պատվավոր» տեղն էր զբաղեցրել նաև արտաքին գործերի նախարար Ռիբենտրոպը: Եվ այնպես չէր, որ ով ընկել էր միջազգային դատարանի ձեռքը, բոլորին մահվան էին դատապարտում: Օրինակ՝ բանկիր, ֆինանսիստ, ռեյխսմինիստր Յալմար Շախտին արդարացրեցին, պատերազմող Գերմանիայի սպառազինության ու ռազմական արդյունաբերության ռեյխսմինիստր Ալբերտ Շպեյերին 20 տարի տվեցին, իսկ արտաքին գործերի ռեյխսմինիստր Յոահիմ Ֆոն Ռիբենտրոպին դատապարտեցին մահվան, որն ի կատար ածվեց կախաղանի միջոցով: Այնպես որ հանկարծ չասեք, թե մեր երկրում արտգործնախարարն ավելի իրավազուրկ է, քան նացիստական Գերմանիայի արտաքին գործերի ռեյսմինիստրը:
Ըստ պաշտոնական տեսակետի մեր երկիրն այժմ վարում է հավասատակշռված արտաքին քաղաքականություն, որի արդյունքում, ցավոք, մենք ուղղակի խճճվել ենք ԵՄ-ՌԴ-ԻՐԱՆ-ԱՄՆ շահերի ու ազդեցությունների լաբիրինթոսում, և իներցիայով շարունակում ենք վարել մոլորված արտաքին քաղաքականություն:
Իմ մոտ այն տպավորությունն է, որ երբ Նալբանդյանը դեսպան էր արտերկրում՝ Հայաստանում ավելի շատ էր լինում, քան հիմա: Գուցե «Արի տուն» ծրագրի շրջանակներում հրավիրենք «հայտնի բացակայող» մեր նախարարին ու ասենք, թե այստեղ ինչ է կատարվում, թե չէ իրականությունից կտրված դրսում վիրտուալ Հայաստան է ներկայացնում, ու ձեռքի հետ էլ աշխարհ ճանաչում, որի արդյունքն այն է ինչ ունենք: Վստահ եմ, որ ինչ գնով էլ լինի մենք կհաղթենք պատերազմում, իսկ հաղթողներին չեն դատում, բայց քանի որ կորուստները կլինեն անդառնալի, իսկ դրանք հնարավոր էր կանխել, եթե խելքը ինքնաթիռներին տված մեր արտգործնախարարն աննպատակ այս երկրից այն երկիր չգնար, գործով զբաղվեր և, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/205666339589397
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել