Hraparak.am-ը գրում է․

Տաթեւիկ Ռեվազյանի՝ Հայաստանը լքելու լուրը մեծ աղմուկ առաջացրեց։ Ու քանի որ հասկանալի էր՝ հանրային կարծիքը մեղադրում է իշխանություններին, նրանց դավաճանական պահվածքի՝ ինքնամեկուսանալու, վտանգից խուսափելու եւ հասարակությանը մենակ թողնելու համար, գործի անցան իշխանությունների «բետեեռները», որոնց շարքերը ինչ որ պահից համալրել է նաեւ սուպերնախարար Արայիկ Հարությունյանը։ Նա փորձեց իր պաշտպանության տակ առնել Ռեւազյանին՝ մեր հրապարակման առիթով գրելով․ 

«Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 ԱՆԳԱՄ ավելի վատ է, քան Հայաստանում: Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը, ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու իրենց հիմնական գործից»:  

Ով տգիտությունից ու անտեղյակությունից խոսի, դուք գոնե իրավունք չունեք դրանից խոսելու, որովհետեւ հենց սրա նման անմեղսունակ պաշտոնյաների մեղքով է, որ իշխանությունը մոլորված է ու շփոթի մեջ՝ մեկ հայտարարում է, որ դպրոցները չենք փակելու, մեկ որոշում են փակել։ Մեկ քարոզարշավ են անում ու ստիպում վարչական լծակները կիրառելով մարդկանց բերել հանրահավաքների, մեկ փակվում են տներում եւ հայտարարում, որ տներից աշխատեք։ 
Ինչ վերաբերում է Դանիային եւ մեր գրած լուրին, քիչ թե շատ կարդալու ունակ մարդը կտեսներ, որ հենց լուրի մեջ նշված է, որ Դանիայում կորոնավիրուսի հիվանդացության մակարդակը բարվոք չէ, սակայն պետական բարձրաստիճան պաշտոնյան նախընտրել է ժամանակից շուտ գնալ արձակուրդ եւ անսպասելի մեկնել մեր երկրից, որովհետեւ Դանիայում կա պետություն եւ պետական պատասխանատվություն։

Դանիացի պաշտոնյաները Արայիկ Հարությունյանի ու Տաթեւիկ Ռևազյանի նման անպատասխանատու ու անձնապաշտ չեն՝ զգում են իրենց հանրային պատասխանատվությունը։ Դանիայում կա բժշկություն եւ Տաթեւիկ Ռեւազյանը վստահում է 41 անգամ ավելի անբարենպաստ վիճակում գտնվող Դանիայի բժիշկներին, ու չի վստահում իր գործընկեր Արսեն Թորոսյանին եւ ՀՀ առողջապահական համակարգին։ 

Երկրի համար ծանր վիճակում մեր պարտականությունն է ճշգրիտ ու լիարժեք տեղեկատվություն հասցնել հանրությանը, բացահայտել նաեւ ձեր նման պաշտոնյաների անբարեխղճությունն ու ցինիզմը, ինչը անում ենք, ինչը միշտ ենք արել։ Իսկ մեր գրածը հերքել պետք չէ, քանի որ ձեր ցանկացած «հերքում» հաստատում է ստացվում եւ դրանից դուք հաստատ չեք շահում։ Մի փորձեք մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ բառերի տարափի ու մանիպուլյացիաների տակ թաքցնելով իրականությունը։ Չի ստացվելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել