Armdaily.am-ը գրում է․
Երեկվանից նորից կորոնավիրուսը դարձավ օրակարգային թիվ մեկ թեման։ Դեպքերի ընթացքը ավելի տխուր դասավորվեց, քան ակնկալվում էր։ Մինչեւ այժմ կարելի է ասել, որ մենք այդքան էլ լուրջ չէինք վերաբերում կորոնավիրուսին՝ մտածելով, որ դա մեզ չի սպառնում, ամբողջ աշխարհում կարող է մոլեգնել վիրուսը, մինչդեռ մենք ապահովագրված ենք։
Ժողովուրդը հավատում էր վարչապետին, որ «թութութու» կորոնավիրուսը մեզ չի կպնի, կորոնավիրուսը ում շունն է, որ մեր կյանքի անդորրը խաթարի, կամ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրենց գործերին, իսկ այսօր արդեն Փաշինյանը մեզ սփոփում է, թե կորոնավիրուսը ձախորդ օրերի նման կգա ու կէրթա։
Գուցե կորոնավիրուսը խնայեր հայու գենը եւ չվարակեր մեր հայրենակիցներին, եթե մարդիկ սոցիալական բարձր պատասխանատվություն դրսեւորեին, իսկ պետությունն էլ հույսը չդներ քաղաքացիների բարձր ինքնագիտակցության վրա։
Փաստացի՝ վարակի բռնկման պատճառը Իտալիայից վերադարձած Էջմիածնի բնակիչն է, ով, լինելով հիվանդ, շարունակել է իր բնականոն կյանքը, մասնակցել որդու նշանդրեքին, այցելել ոսկերչի, վարսավիրի եւ այլն։ Արդյունքում՝ նա վարակել է նշանդրեքի մի քանի մասնակցի, պատճառ դարձել, որպեսզի իր հետ շփված բազմաթիվ անձանց մեկուսացնեն։
Դեպքերը գուցե այսպիսի ընթացք չունենային, եթե, օրինակ, մեր պետությունը պայման դներ ի սկզբանե եւ ռիսկային երկրներից վերադարձողներին մեկուսացներ 14 օրով։
Վերջիվերջո, ավելի հեշտ կլիներ մի քանի հարյուր մարդու մեկուսացրած պահել երկու շաբաթ, քան այժմ բազմաթիվ վարակման դեպքեր ունենալ, մեկուսացնել նրանց հետ շփում ունեցած հարյուրավորներին, դադարեցնել ուսումնական պրոցեսը։
Այժմ արդեն իշխանությունները որոշել են 14 օրով մեկուսացնել մարտի 15-ին Իտալիայից վերադարձող մեր հայրենակիցներին։
Իրականում՝ սարսափելի է պատկերացնել՝ վարակի բռնկման արդյունքում ինչ է սպասվում մեզ, Հայաստանի առողջապահական համակարգը, բուժհաստատությունները քանի հոգու կարող են բուժել, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ սեզոնային գրիպի տարածման դեպքերում հիվանդանոցներում տեղ ու դադար չի լինում։
Իհարկե, գնահատելի է, որ իշխանությունները դադարեցրել են քարոզարշավը, վարչապետն էլ վերադարձել արձակուրդից, դադարեցրել ուսումնական պրոցեսը եւ այլն։
Սակայն, այս ամենը եւս բազմաթիվ խնդիրներ է հարուցում։ Օրինակ՝ եթե դասերը դադարեցվում են, արդյոք ամռանը պետք է դրանք լրացվեն, ինչպես պետք է կազմվի ավարտական եւ բուհական քննությունների ժամանակացույցը, որպեսզի զինակոչի խնդիր չառաջանա։ Մյուս կարեւոր հարցը՝ եթե այս արձակուրդի համար մարդիկ չեն վարձատրվելու, պետք է նրանց ապահովել մինիմալ պայմաններով, ներումների մեխանիզմ մտցնել հատկապես վարկեր ունեցողների մասով։ Երրորդ՝ անհասկանալի է՝ ինչպես կարող ենք վիրուսի տարածումը կանխել, եթե բազմաթիվ հաստատություններ շարունակում են աշխատել, ընդհուպ՝ մշակութային միջոցառումները չեն չեղարկվում, իսկ մինչ օրս հասարակական տրանսպորտը չի ախտահանվել եւ այլն։
Որքանո՞վ է արդյունավետ կիսատ-պռատ կարանտինը, մասսայական միջոցառումների դադարեցումը կամավոր սկզբունքին, մարդկանց ինքնամեկուսացումն էլ՝ իրենց խղճին թողնելը։
Կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է լինի համակարգված եւ ամբողջական՝ ընդգրկելով լայն ոլորտներ՝ աչքի առաջ ունենալով ոչ միայն մարդկանց անվտանգությունը եւ առողջությունը, այլեւ տնտեսության հնարավոր բացասական հետեւանքները մեղմելը։