Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր facebook-յան էջում տեղեկացրել է, որ առաջարկություն է ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, որ վերջինս ՀՀ քաղաքացիություն շնորհի 1698 անձի... Պարոն Ավինյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը և մտածելով, որ գործ ունի անգրագետ ընթերցողի հետ, իր հպարտությունն է հայտնում, որ այդ քանակությամբ մարդ է ցանկացել դառնալ ՀՀ քաղաքացի և դա, ըստ Ավինյանի՝ " ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը"...
Նախ, հետաքրքիր է, թե այս 1698 մարդը ի՞նչ ժամանակահատվածում են դիմել, որ ստանան ՀՀ քաղաքացիություն, ո՞ր երկրների քաղաքացիներ են և նրանցից որքա՞նն են հայ... Այս հարցերի պատասխանները շատ կարևոր են, որոնց պարոն Ավինյանը, հազմոզված եմ, միտումնավոր չի անդրադարձել...
Իսկ հիմա կարևորի մասին... Հետաքրքիր է, այս թիվը հրապարակելուց արդար քաղաքական գործիչն անպայման պետք է համեմատականներ տաներ և հրապարակեր, թե այդ նույն ընթացքում որքան ՀՀ քաղաքացի է հրաժարվել մեր երկրի քաղաքացիությունից և ինչ քայլեր են ձեռնարկում Փաշինյանն ու իր իշխանությունը այդ գործընթացը մեղմելու նպատակով...
Քանի որ պարոն Ավինյանը դրան չի անդրադարձել, ապա ես կներկայացնեմ և կվերլուծեմ այն աղետալի տվյալները, թե այսպես կոչված "Թավշյա հեղափոխությունից" հետո որքան հայաստանցի է հրաժարվել "հպարտ" քաղաքացիությունից...
2019 թ-ի նոյեմբերի վերջին ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվեց Ռուսաստանի ՆԳՆ-ի և "Ռոսստատ"-ի տվյալները, ըստ որոնց, 2019 թ-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել և ՌԴ անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի... Հիշեցնեմ, որ 2017 թ-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել 25 հազար 144 ՀՀ քաղաքացի, իսկ 2018 թ-ին՝ 27 հազար 100-ը... Պարզ մաթեմատիկական հաշվարկ կատարելով` կարելի է հավելել, որ մինչև 2019 թ-ի վերջը ՌԴ քաղաքացիություն ստացողների թիվը կազմել է մոտ 23 հազար մարդ... Եթե այս թվին գումարենք վերջին երկու տարում "գրին քարտով" համապատասխանաբար 1669 և 2844 ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներին, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների կողմից այլ երկրների քաղաքացիություն ընդունելը, ապա կստացվի բավականին պատկառելի թիվ, որը աղետալի է մեր երկրի համար...
Ի դեպ, 1698 անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու փաստով հրճվող Տիգրան Ավինյանը լավ կլիներ իր գրառման մեջ նաև անդրադառնար ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած այն տվյալներին, ըստ որոնց, 2018 թ-ին ընդհանուր առմամբ ԱՄՆ մշտական բնակության քարտ ձեռք բերելու ցանկություն է ունեցել 267 հազար 67 հայաստանցի, որոնցից 110 հազար 725-ը եղել են դիմորդները, 156 հազար 342-ը դիմորդների ընտանիքի անդամները՝ կինը, երեխաները... Սա 40 հազարով ավելի է, քան 2017 թ-ին...
Տիգրան Ավինյանը լավ կլինի ոգեշնչվի և լրացուցիչ ուժ գործադրի, որ մեր քաղաքացիները մասսայաբար չհրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, որն այժմ էլ շարունակվում է ահագնացող տեմպերով, և չզարմացնի հանրությանը նրանով, որ շատ հպարտացել է այդ 1698 մարդու Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու փաստով...
Համոզված եմ, եթե մենք տասնյակ հազարավոր "որակյալ" քաղաքացիներ ենք արտահանում ՌԴ, ԱՄՆ, ԵՄ և այլ երկրներ, ապա ներմուծվածների մեծ մասը "անորակ" են...
Հ.Գ. Շատերը հույս ունեին, որ իշխանափոխությունից հետո կտրուկ կնվազեն արտագաղթի տեմպերը, սակայն վերը նշված թվերն ապացուցում են, որ արտագաղթը Հայաստանից ոչ միայն չի պակասել, այլև աճել է... Իսկ պարոն Ավինյանն անտեսելով, որ երկու տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է, ըստ պրիմիտիվ հաշվարկների, մոտ 57 հազար մարդ, ուրախանում և հպարտանում է ՀՀ 1698 նորաթուխ քաղաքացիություն ձեռք բերածներով..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել