Էկոլոգիական իրավիճակն Ինդոնեզիայում վաղուց մեծ խնդիր է պետության համար։ Սակայն, ի դժբախտություն քաղաքացիների, իշխանությունները որևէ միջոց չեն ձեռնարկում խնդրի լուծմանն ուղղված։ Գետերի աղտոտ ջրին և ամենուր լցված աղբին մարդիկ արդեն սովորել են։ 

Շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանով Ինդոնեզիան աշխարհում երկրորդ հորիզոնականում է։ Թափոնների արտանետմամբ այն ևս չի զիջում՝ արտանետելով տարեկան 3,2 մլն տոննա թափոն։ Անտառները հատվում են, գործարանները շարունակում են աշխատել և վատթարացնել օդի որակը։ Պետության տարածքում սնդիկի օգտագործմամբ ոսկի են արդյունահանում, և ամեն տարի մթնոլորտ է արտանետվում այս վնասակար տարրի 1000 տոննա։ Կապարի առկայությունը ևս գերազանցում է նորման 25,000 անգամ։ Եվ այս ամենն ուղղակիորեն ազդում է բնակչության առողջության վրա։ Բացի դրանից` հենց Ինդոնեզիայում է արտադրվում պլաստիկի մեծ մասը, և այս երկիրն ամենաշատն է աղտոտում համաշխարհային ջրերը պլաստիկով։ 

Ինդոնեզիայի տարածքում է գտնվում մոլորակի ամենաաղտոտ գետը՝ Չիտարումը։ Մարդիկ դրա ջրերն օգտագործում են ոչ միայն լողանալու, այլև սնունդ պատրաստելու համար։ Կան հատվածներ, որտեղ աղբի հաստ շերտի տակից չի երևում գետի ջուրը։ 

Սակայն եթե օդի մաքրությունը մարդիկ այս պահին վերականգնել չեն կարող, ապա աղբը հավաքելու և փողոցները մաքրելու հնարավորություն ունեն։ Բացակայում է գլխավորը՝ ցանկությունը։ Այս կարծիքն ունի ինդոնեզացի մի տղա՝ Ռուդի Խարտոնոն։ Նա աշխատում է սրճարանում, իսկ ազատ ժամանակ շրջում է Պարեպարե փողոցում, տեղի լողափերում և աշխատանքային օրը սկսելուց առաջ հավաքում աղբը։ Երկար ժամանակ ոչ ոք օգնության ձեռք չէր մեկնում Ռուդիին, սակայն վերջինս որոշեց ինչ֊որ հետաքրքիր եղանակով գրավել մարդկանց ուշադրությունը։

Ռուդին Սարդ-մարդու համազգեստ հագավ և, աղբի տոպրակը ձեռքին, սկսեց շրջել փողոցներում։ Այդ ժամանակ մարդիկ վերջապես նրան ուշադրություն դարձրին։ Բանը հասավ նրան, որ տղայի մասին սկսեցին գրել թերթերում, տեսանյութեր նկարահանել և հեռուստատեսությամբ ցույց տալ։ Քաղաքացիները սկսեցին ակտիվորեն օգնել Ռուդիին և մաքրել քաղաքը։ Շնորհիվ այս տղայի՝ Ինդոնեզիայի խնդիրը համաշխարհային հնչեղություն ձեռք բերեց։ Պաիեպարե քաղաքում ապրում է մոտ 130,000 մարդ, և այնտեղ ամեն օր արտադրվում է մինչև 2,7 տոննա աղբ։ 

Ոչ մի վատ բան չկա գետնին նետված աղբը վերցնելու մեջ, և հասարակ տղան իր օրինակով կարողացել է դա ապացուցել։ Չէ՞ որ մենք ենք պատասխանատու մեր մոլորակի ներկայի և ապագայի համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել