Pastinfo.am-ը գրում է.

Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրենը բուժքրոջը տուն է ուղարկել, քանի որ վերջինս մասնակցել է այն նշանադրության արարողությանը, որին ներկա է եղել կորոնավիրուսով վարակված անձը։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը պատմեց՝ այսօր առավոտյան բուժքույր Արևիկ Հովհաննիսյանը եկել է դպրոցի մուտքի մոտ և տնօրենին ասել՝ իրեն արգելված է դպրոց մտնել և 10 օր պետք է խուսափի շփումներից։

«Պատմեց, որ կիրակի օրը եղել է նշանադրության արարողությանը։ Ինձ տեղեկացրեց այդ մասին և տուն գնաց, որից հետո դպրոցի մուտքի մոտ ստացել ենք համապատասխան ախտահանիչ նյութերը։ Ինչպես ամեն օր, այնպես էլ այսօր նախքան դասասենյակ մտնելը՝ բոլոր աշակերտները և ուսուցիչներն ախտահանվել են»,-ասաց տնօրենը։

Վերջինս հավելեց՝ քիչ առաջ խոսել է բուժքրոջ հետ, ով ասել է՝ շտապօգնության մեքենայով նշանադրությանը մասնակցած բոլոր մասնակիցներին տեղափոխում են Ծաղկաձոր։

Հարցին՝ այս օրերի ընթացքում բուժքրոջ շփումը շա՞տ է եղել երեխաների և աշխատակազմի հետ, Արուսյակ Մուրադյանը ասաց, քանի որ դպրոցն աշխատում է երկու հերթով, երկու բուժքույր ունեն։ Նա օրվա մի մասն է դպրոցում եղել, այնուամենայնիվ շփումներ եղել են. «Չկա մի օր, որ օրինակ երեխաները ջերմություն չունենան, բուժքրոջ սենյակ չգնան։ Աշխատակիցների և երեխաների հետ շփում, իհարկե, եղել է»,-նկատեց Արուսյակ Մուրադյանը։

Անդրադառնալով աշակերտների այսօրվա հաճախականությանը՝ տնօրենը նշեց՝ դպրոցում սովորում է 1229 աշակերտ, առաջին հերթ հաճախում է 992 աշակերտ, որից 494-ն է այսօր դպրոց հաճախել, որոնց էլ ծնողներն արդեն տուն են տարել. «Ծնողների ցանկությամբ հիմա դպրոցում չեն։ Երբ այդ լուրերը տարածվեցին, ծնողները չցանկացան երեխաներին դպրոցում թողնել, մենք էլ խոչընդոտ չենք հանդիսացել։ Այս պահին դպրոցում 12 աշակերտ է մնացել»,-հավելեց Արուսյակ Մուրադյանը։

Վերջինս նշեց, որ դասերը դադարեցնելու հրահանգ չունեն, հետևաբար կշարունակեն աշխատանքը, սակայն եթե ծնողը երեխային ցանկանում է տուն տանել, չեն արգելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել