Pastinfo.am-ը գրում է․

Ռուսական ռուբլու արժեզրկումը բացասաբար է անդրադառնալու դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերների արտահանման վրա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ անդրադառնալով արտարժույթի շուկային։

Տնտեսագետը նկատեց՝ չնայած մասնավոր տրանսֆերներից կախվածությունը վերջին տարիներին որոշ չափով թուլացել է, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի մակրոտնտեսական պահանջարկ ձևավորող գործոններից է։ Նրա խոսքով, եթե այս գործընթացները շարունակվեն և ռուբլին չկայունանա, կորուստներն այս իմաստով անխուսափելի կլինեն.

«Ռուբլու արժեզրկումը կազդի նաև արտահանման վրա։ Ռուբլու էժանացումն այլ հավասար պայմաններում դեպի Ռուսաստան ներմուծողների կամ ապրանք արտահանողների կորուստ է նշանակում։ Դեպի Ռուսաստան հիմնականում սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, վերամշակված այլ պրոդուկտներ արտահանողները, իհարկե, կորուստներ կունենան։ ՕՊԷՔ+-ի մասնակիցներն այս անգամ համաձայնության չեկան, բայց դա բոլոր կողմերի շահերից չի բխում։

Կարծում եմ՝ մինչև այս ամսվա վերջ այդ համաձայնություններն այնուամենայնիվ կկայանան, քվոտաները կսահմանեն, հանույթը կկրճատվի և գները կիջնեն»,-նշեց Ատոմ Մարգարյանը։

Անդրադառնալով դոլարի հավանական բարձրացմանը՝ Ատոմ Մարգարյանը նկատեց՝ նման հիմքեր կարող են առաջանալ, եթե կորոնավիրուսով պայմանավորված աշխարհում պահանջարկն ընկնի հատկապես էներգակիրների, նավթի, նավթագազային ռեսուրսների, բազային մետաղների նկատմամբ։ Եթե դրանց նկատմամբ պահանջարկը, գներն ընկնեն, բնականաբար դոլարը կարող է արժեզրկվել։

«Այս իրավիճակում ռիսկեր կարող են ծագել այն ակտիվների հետ, հատկապես պետական ռեզերվ հանդիսացող ակտիվների, որոնք ներդրված են տարբեր երկրների պետական պարտատոմսերի մեջ, և դրանք կարող են այլ հավասար պայմաններում արժեզրկվել, որովհետև դրանց եկամտաբերությունն էլ կընկի։

Հայաստանի պարագայում մեր արտաքին պահուստները 2միլիարդ 680 մլն դոլար են, որի մոտ 55-60 տոկոսը ներդրված է ամերիկյան կառավարության պարտատոմսերի մեջ։ Սա խնդիր է և կապված է նաև նրա հետ, որ դիվերսիֆիկացված չեն, մեր պահուստային զամբյուղում մետաղական ոսկի չկա»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Վերջինս հավելեց՝ եթե մեր արժույթն արժեզրկվի, ապա կարժեզրկվեն քաղաքացիների, քնային տնտեսությունների եկամուտները, կնվազի նրանց գնողունակությունը և գնաճային լուրջ ճնշումներ կարող են առաջանալ։ Խնդիրներ կստեղծվի նաև բանկային համակարգի համար։ Տնտեսագետի խոսքով իրավաբանական անձանց վարկերը գերակշիռ մասով տրամադրված են ամերիկյան դոլարով, և դա կարող է խնդիրներ ստեղծել այդ միջոցների բնականոն հետվերադարձի համար։

«Բազմաթիվ հարցեր կան, որոնք ունեն իրենց երկակի հնարավոր զարգացումները թե՛ լավ, թե՛ վատ։ Առաջին հերթին կենտրոնական բանկը պետք է հետևի այս իրավիճակին և համապատասխան գործիքակազմեր կիրառի։ Կառավարությունը պետք է իր գործիքներն աշխատեցնի, նաև խթանման գործիքներ։

Քաղաքացիները ևս պետք է հետևեն, բիզնեսը դիվերսիֆիկացված պահեն իրենց ակտիվները և ավելի ճկուն, ավելի ցածր ռիսկային գործարքների գնան։ Այսպիսի իրավիճակներում բարձր ռիսկային գործարքներն այսպես ասված չեն խրախուսվում»,-հավելեց տնտեսագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել