Pastinfo.am-ը գրում է.

«Այո»-ի քարոզարշավին ակտիվ մասնակցություն է ունենում նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Գորիսում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ նա հայտարարել է, թե դատական իշխանությունը եւս պետք է ձեւավորվի ժողովրդի կողմից. «այսօր լրիվ նոր գործադիր ու օրենսդիր իշխանություն կա, որն ընտրվել է ժողովրդի կողմից, սակայն դատական իշխանությանը, որը գլուխը Սահմանադրական դատարանն է՝ ժողովուրդը չի ընտրել»,- հայտարարել է Ա.Սարգսյանը։

«Ինչու՞մն է կայանում քարոզչության ամբողջ իմաստը, դրա հենքը նրանում է, որ իշխանությունը, ըստ Սահմանադրության 2-րդ հոդվածի, պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն այն իրացնում է ընտրությունների ու հանրաքվեի միջոցով։ Նախկինում ժողովրդի կարծիքը հաշվի չէին առնում, փողով գնում էին ձայներն ու այդ իշխանությունները չէին ներկայացնում ժողովրդին»,-ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով, ՍԴ-ի անդամներին ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, և կազմն ընտրել են իրենց քմահաճույքով.

«Այդ մարդիկ այսօր ոչ ոքի չեն ներկայացնում, իրենք ժողովրդի հետ որևէ կապ չունեն։ Եթե պատկերավոր ասեմ, մենք այսօր ունենք մի բացարձակ նոր հագուստ, որի վրա կարմիր թելերով կարկատան են դրել ու ասում են՝ այն հոպարի հիշատակն է, որ պիտի պահեք։ Հիմա մեր խնդիրն է այդ հոպարին էլ, իր հիշատակն էլ հանել այդտեղից»։

«Հանրապետություն» կուսակցության նախագահը շեշտեց, որ սահմանադրական հանրաքվեն իր համար ոչ այնքան իրավական խնդիր է, որքան լուրջ սկզբունքային խնդիր, քանի որ 21-րդ դարում Հայաստանն առաջին անգամ լեգիտիմություն, լեգիտիմ իշխանություն և սահմանադրություն բառերը որպես հոմանիշ կարող է որպես հոմանիշ օգտագործել։

Նա նշեց, որ «այո»-ի դեմքն են, այս պահին բեմում կանգնածները՝ վարչապետից սկսած, մինչև ներքևում բուկլետ բաժանողները։

«Ո՞վ է «ոչ»-ի դեմքը, ո՞վ է ներկայացնում «ոչ»-ը։ «Ոչ»-ը ներկայացնում են նախկին իշխանությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, և իրենք այն ժամանակ, որ իշխանությունը թողեցին, հանգիստ գնացին, ասացին Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք, խրամատ փորեցին, Հրայր Թովմասյանին նստեցրին խրամատում, հիմա էլ պախկվել են նրա թիկունքում ու իրենց սիրած Ռուսասատաններում ու Բրյուսելներում փորձում են մեր երկրի հանդեպ խնդիրներ լուծել»,-ասաց Սարգսյանն ու նշեց, որ իրենք Բրյուսել չէ, անգամ եթե Մարսել էլ գնան, որևէ խնդիր չեն լուծելու։

Կուսակցության ղեկավարը կոչ արեց քաղաքացիներին ապրիլի 5-ին հագնել ամենագեղեցիկ զգեստները, պատրաստված, սափրված գնալ ընտրական տեղամասեր և Սահմանադրության հանրաքվեին ասել այո՛։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել