Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «այո»-ի քարոզարշավի շրջանակներում այսօր Քաջարանում էր։ Բացարձակ նպատակ չունեմ անդրադառնալու վարչապետի դեմագոգիկ ելույթին և անտրամաբանական հարցադրումներին, ինձ այլ հարց է հետաքրքրում։

Իր ելույթի ժամանակ Փաշինյանը կրկին վատաբանեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին․ «Սահմանադրական դատարանի էն մարդիկ, որոնց տուն ենք ուզում ուղարկել, հավասար պատասխանատու են ՀՀ-ում տեղի ունեցած կոռուպցիայի, ապօրինությունների, ընտրակեղծիքների համար: ՍԴ այդ 7 անդամները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել»,- իր բոցաշունչ ելույթը եզրափակեց վարչապետը։

Իհարկե, Փաշինյանը բացարձակ չանդրադարձավ, թե 2011թ․-ից իր կողմից ընտրակեղծիքների մեջ մեղադրվող ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ինչու է պահպանել իր պաշտոնը։ Փաշինյանն առաջնորդվում է պրիմիտիվ դեմագոգիայով, և իրեն բացարձակ հետաքրքիր չեն այդպիսի հարցադրումները։

Իսկ հիմա՝ հետևյալի մասին․ հասկանալի է Փաշինյանի հակակրանքը Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ ու վարչապետի կողմից նրանց ուղղված մեղադրանքները, սակայն իրեն ՀՀՇ-ՀԱԿ-ականներով շրջապատած, օրենսդիր և գործադիր իշխանություններում Լևոն Տեր-Պետրոսյանի կադրերին բավականին բարձր պաշտոնների նշանակած Փաշինյանն արդեն որերորդ անգամ վիրավորում է առաջին նախագահին՝ նրան անվանելով «չարիք», «ընտրակեղծարար», իսկ հիմա էլ պարզվում է, որ Տեր-Պետրոսյանը կամակատարներ է պահում ՍԴ-ում։ Ու այս ամենի ֆոնին ՀՀՇ-ՀԱԿ-ականները ծպտուն չեն հանում՝ համաձայնություն հայտնելով Փաշինյանի կարծիքին, ավելին՝ պաշտպանում են նրա` ՍԴ-ի նկատմամբ տարվող քաղաքականությունը։ Քանի որ Փաշինյանն արդեն որերորդ անգամ է՝ Տեր-Պետրոսյանին մեղադրանքներ ներկայացնում, սակայն շատ մեծ հաճույքով համագործակցում է վերջինիս կարկառուն կադրերի հետ, ապա այս վերջին «վրաերթը» Տեր-Պետրոսյանի հանդեպ ապացուցում է, որ դա հերթական դեմագոգիան է և կեղծիքը։ Արդար մարդը չի կարող մեղադրանքներ ներկայացնել ինչ-որ մեկին, բայց համագործակցել նրա կադրերի հետ։

Ի դեպ, լավ կլիներ, որ մարդկանց մեղադրանքներ ներկայացնելիս Փաշինյանն անուններ նշեր, որ մենք էլ իմանայինք, թե ՍԴ որ դատավորը որ նախագահի կամակատարն է, այլապես կրկին ստացվում է էժանագին բամբասանք, որի միջոցով Փաշինյանն իրականում փորձում է հերքել այն կարծիքը, որ հենց նա է Տեր-Պետրոսյանի հաճախորդը, և հենց դա է պատճառը, որ ՀՀՇ-ՀԱԿ-ականները բացարձակ արհամարհում են Փաշինյանի կողմից իրենց առաջնորդին հասցեագրված մեղադրանքները՝ իմանալով, թե իրականում ով ում կամակատարն է։

Հ.Գ. ՍԴ դատավորներին կամակատար անվանելով Փաշինյանը մոռանում է, որ իր կողմից հովանավորվող ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, որը, իր պարտականությունները չկատարելով, վարձատրվում է պետբյուջեից, շատ վաղուց է համագործակցում Լևոն Տեր-Պետրոսյանի ընտանիքի հետ՝ համարվելով նրա ամենահավատարիմ կադրերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել